Լարվածություն կա, բայց մեր Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը. ՊՆ փոխնախարար
Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տանկից կրակելու հետևանքով առաջացել է որոշակի լարվածություն, բայց իրավիճակը վերահսկելի է:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
«Առհասարակ վերջին շրջանում լարվածություն կա, բայց մեր Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- նշեց Արա Նազարյանը:
Հարցին, թե արդյոք հայկական կողմը չի՞ պատրաստվում դիմել միջազգային կառույցներին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակորդն առաջին անգամ է տանկից կրակում, Արա Նազարյանը պատասխանեց, թե իրենք «լրացուցիչ կուսումնասիրեն» իրավիճակը:
«Սա ադրբեջանական հերթական սադրանքն էր: Նախատեսվում է որոշակի բանակցային գործընթաց, նկատի ունեմ երկու նախագահների առաջիկա հանդիպումը, որոնցից առաջ Ադրբեջանը միշտ բանակցությունները խաթարելու փորձեր է անում»,- շեշտեց ՊՆ փոխնախարարը:
Վերջին շրջանում Ադրբեջանը շփման գծում կիրառում է որակապես այլ տեխնիկա, ինչը տեղի ունեցավ նաև դեկտեմբերին, երբ Ադրբեջանը ականանետեր կիրառեց: Այս առումով հետաքրքրվեցինք՝ արդյոք սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու մտադրություն ունի:
Արա Նազարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը անընդհատ պատերազմի կոչեր է հնչեցնում, ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներ բարձրացնում միջազգային տարբեր ատյաններում:
«Մեր խնդիրն է դիմակայել դրանց: Մեր զինված ուժերն այսօր էլ վաղն էլ պատրաստ են դիմակայել այս ամենին, որպեսզի խնդիրներ ժողովրդի համար չառաջանան: Միանշանակ համարժեք պատասխան տրվում է»,- նշեց ՊՆ փոխնախարարը:










