Ռուսաստանը Սիրիայում նոր ավիաբազայի անհրաժեշտություն չունի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը մտադիր չէ լրացուցիչ ավիաբազաներ շահագործել Սիրիայի տարածքում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդպես նա մեկնաբանել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:
«Պետք չէ ռազմական փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ «Հմեյմիմ» ռազմաբազայից, որտեղ կենտրոնացել է ռուսական ավիախումբը, Սիրիայի տարածքի ցանկացած կետ հասնելու համար ռուսական ցանկացած ինքնաթիռից կպահանջվի ընդամենը 30-40 րոպե: Այդ պատճառով էլ Սիրիայի տարածքում լրացուցիչ ռուսական ավիաբազաների անհրաժեշտություն չկա, ինչպես այդ մասին հայտարարում են «բազմոցային ստրատեգները»: Չկար և չկա»,- հայտարարել է Կոնաշենկովը:
Նա նշել է, որ նոր ռազմաբազայի տեղակայման մասին տեղեկությունները մամուլում հայտնվել են Սիրիայի երկնքում թուրքական F-16-ի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե այդպես արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ փորձում են շեղել ուշադրությունն այդ ողբերգությունից։










