Կոլորադոյի նահանգապետը դեկտեմբերի 6-ը հայտարարել է Ջուղայի հիշատակի օր
Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը 2015 թվականի դեկտեմբերի 6-ը պաշտոնապես հայտարարել է Ջուղայի ավիրման 10-ամյա տարելիցի օր՝ միանալով Ադրբեջանի կողմից Ջուլֆայի 2000 խաչքարերի ավիրման համաշխարհային հիշատակման արարողություններին: Այդ մասին հայտնել է Հայ դատի արևմտյան շրջանի հանձնախումբը:
Նահանգապետ Հիքենլուփերի հայտարարությունը հիշատակում է «Ջուղայում միջնադարյան խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուի կանխամտածված ոչնչացումը»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կոլորադոյի նահանգը հարգանքի տուրք է մատուցել այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ՝ բացելով Ջուղայի 2000 ավիրված հուշարձաններից մեկի կրկնօրինակ խաչքար-հուշարձանը, և որ «Կոլորադոյի բնակիչներին խորհուրդ է տրվում այցելել Կապիտոլիում և տեսնել Ջուղայի խաչքարի կրկնօրինակը»:
«Կոլորադոն կրկին ցույց տվեց մարդու իրավունքներին իր վճռական հանձնառությունը»,- ասել է Հայ դատի արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Խաչքարը բացվել է 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը։ Այն բացել են Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը և «Կոլորադոյի հայեր» կազմակերպության ղեկավարները։










