Մոսկվա-Երևան վթարից տուժածների դրամական փոխհատուցումները շարունակվում են. հիվանդների բուժումը ևս շարունակվում է

14:14 • 10.12.15

 

ՌԴ Տուլայի մարզի Ուզլովսկ քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն դիմած 35 քաղաքացիների դրամական փոխհատուցումը դեկտեմբերի 4-ի դրությամբ փոխանցված է բանկային համապատասխան հաշվեհամարին, և նրանք արդեն ստացել են իրենց հատկացված գումարը։
 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, նշելով, որ նրանցից 5-ը վթարի հետևանքով զոհված ուղևորների ընտանիքի անդամներ են, 15-ը՝ հիվանդանոցներում բուժում ստացած քաղաքացիներ, 15-ը՝ ավտոբուսի ուղևորներ։

 

«Փոխհատուցում ստանալու համար նախարարություն դիմումներ են ներկայացրել ևս 10 քաղաքացիներ, որոնց գումարները ևս կփոխանցվի բանկային հաշվեհամարին»,-ասացին նախարարության լրատվական վարչությունից՝ ավելացնելով նաև, որ վթարից տուժած մյուս բոլոր քաղաքացիները փոխհատուցումը կարող են ստանալ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելուց անմիջապես հետո:

 

Ինչ վերաբերում է վթարից տուժած քաղաքացիների առողջական խնդիրներին և բուժման հարցերին, ՀՀ առողջապահության նախարարությունից Tert.am-ին հաղորդեցին, որ նրանցից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, այսօր տեղափոխվել է Երևան: Քննարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը:

 

«Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդներից մեկին օրերս կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել»,-հաղորդեցին ԱՆ լրատվական վարչությունից՝ հավելով. «Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ` մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով»:

 

Մոսկվա-Երևան վթարից տուժածների դրամական փոխհատուցումները շարունակվում են. հիվանդների բուժումը ևս շարունակվում է