Բրուտյանը կա ու կմնա հայկական փիլիսոփայական մտքի նահապետը. տեղի ունեցավ գիտնականի քաղաքացիական հոգեհանգիստը

16:10 • 11.12.15

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ  Բրուտյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Գիտնականին հրաժեշտ տալու էին եկել տարբեր ոլորտի գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:

 

Այստեղ էր նաև «ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով եկավ ու խոնարհվեց գիտնական առջև, ցավակցեց հարազատներին և հեռացավ:
 

Գևորգ Բրուտյանի կոլեգաներից փիլիսոփայական գիտությունների թեկնածու Յուրի Հովականյանը, ում նաև դասավանդել է մեծ գիտնականը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրաշալի գիտնականը ոչ միայն հայկական ժամանակից փիլիսոփայությունը կարողացավ ներկայացնել համաշխարհային փիլիսոփայական մտքին, այլ նաև իր ուրույն տեղը գրավեց:
 

«Եթե այսօր համաշխարհային փիլիսոփայության պատմության մեջ հայկական ժամանակակից փիլիսոփայությունը հիշատակվում է, ապա հիշատակվում է նաև Գևորգ Աբելիչի անունով. նա ստեղծել է իր փիլիսոփայության դպրոցը՝ փաստարկման, փիլիսոփայության դպրոցը, որը ամբողջ աշխարհում ընդունում են, որ Գևորգ Աբելիչինն է: Այս առումով ես այն կարծիքին եմ, որ նա բացառիկ գիտնական է: Նա նաև բազմում աշակերտներ թողեց իրենից հետո»,-ասաց նա:
 

Յուրի Հովականյանն ընդգծեց, որ բոլորին խորհուրդ է տալիս կարդալ Գևորգ Բրուտյանի «Փիլիսոփայությունը երկխոսություններում» երկհատորյակը, որն ամբողջական պատկերացում է տալիս, թե ինչ է փիլիսոփայությունը և ինչի համար է պետք:
 

«Նա նաև հրաշալի մանկավարժ ու հրաշալի մարդ էր, մենք իրենից ամենակարևորը սովորել ենք՝ ինչպես ճիշտ ապրել»,-ասաց նա:

 

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մանուկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ Բրուտյանը հայկական փիլիսոփայական մտքի նահապետն էր և կմնա միշտ այդպիսին:
 

«Եթե այսօր կարող ենք ասել՝ ունենք տրամաբանության լավագույն ձեռնարկներ, տրամաբանական ուսումնասիրություններին նվիրված լավ աշխատություններ, լեզվաբանության փիլիսոփայություն, ապա հենց նրա շնորհիվ է: Նրա աշխատությունները տարբերվում են հասկանալի, մատչելի, խորիմաստ լեզվով: Նրա լեզուն զերծ է վերացականությունից, որը սովորաբար վերագրվում է փիլիսոփաներին: Նրա գրքերը կարդացվում են բավականությամբ»,-ասաց նա:

 

Գևորգ Բրուտյանին,նկարագրելով որպես մարդ, նրա գործընկերն ասաց, որ ահռելի մեծ ավյուն ու կենսական էներգիա ուներ:

 

Գևորգ Բրուտյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Երևանի քաղաքային պանթեոնում:
 

Հիշեցնենք, որ Գևորգ Բրուտյանը մահացել է դեկտեմբերի 8-ին՝ կյանքի 89-րդ տարում: Նա
ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդականն էր, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


 

Բրուտյանը կա ու կմնա հայկական փիլիսոփայական մտքի նահապետը. տեղի ունեցավ գիտնականի քաղաքացիական հոգեհանգիստը