Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

19:04 • 11.12.15

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակ քաղաքի թիվ  29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Թիվ 29/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը:

 

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ,  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:



 


 

Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել