Թուրքիան 51 հազար դոլարով տուգանել է Twitter-ին
Թուրքիան Twitter միկրոբլոգերի ծառայությունը տուգանել է 51 հազար դոլարով այն պատճառով, որ ծառայությունից իշխանությունների դիմումի համաձայն չի հեռացվել «ահաբեկչական քարոզչություն» պարունակող բովանդակությունը:
Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է գործակալությունը, ներկայացուցիչը այլ մանրամասներ չի ներկայացրել:
Նշվում է, որ Թուրքիան առաջին անգամ է տուգանում Twitter-ին: Ավելի վաղ թուրքական կառավարությունը բազմիցս արգելափակել է միկրոբլոգերի հայտնի ցանցը:
Այդպես անցած տարվա մարտին դատարանի որոշմամբ Twitter-ը և YouTube-ը արգելափակվել են Թուրքիայի ողջ տարածքում թուրքական կառավարության անդամներից մեկի մասին վարկաբեկող տեղեկատվության հրապարակման պատճառով: Ապրիլի սկզբին, սակայն, Սահմանադրական դատարանը վճռել է, որ Twitter-ի արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքները և հրամայել է չեղյալ հայտարարել որոշումը: Մայիսի վերջին նույն որոշումը կայացվել է նաև YouTube-ի վերաբերյալ:










