Հալեպի բնակելի թաղամասերը հրթիռակոծվել են
Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են քաղաքի մի քանի թաղամասեր։
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Մունշիե, Քոսթաքի Հըմսի, Նեյյել և Ազիզիե շրջանները։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Չնայած դրան, Tert.am-ի աղբյուրների հավաստմամբ, հայ համայնքը հնարավորությունների սահմաններում փորձում է պատրաստվել Ամանորին ու Սուրբ Ծննդին:
Չնայած պատերազմական վիճակին՝ այնտեղ համերգներ ու միջոցառումներ են իրականացվում: Կենցաղային խնդիրները, սակայն, շարունակվում են՝ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման պարբերական անջատումներ, համացանցի բացակայություն, ձմռանը նաև ջեռուցման դժվարություններ:










