Այժմ մենք հավետ կապված ենք միմյանց. «Միսս Տիեզերք- 2015»-ը դիմել է «Միսս Կոլումբիային» (լուսանկարներ, տեսանյութ)
«Միսս Տիեզերք-2015» Պիա Ալոնսո Վուրտսբախը հայտարարել է, որ հավետ կապված է «Միսս Կոլումբիա» Արիադնա Գուտյերեսի հետ։ Այդ մասին գեղեցկուհին գրել է Facebook-ի իր էջում։
«Արիադնային՝ դու հիասքանչ կին ես, և այժմ մենք հավետ կապված ենք միմյանց այդ արտառոց փորձի շնորհիվ»,- ասել է Վուրտսբախը։
Հիշեցնենք, որ օրերս անցկացված գեղեցկության մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտյերես Արևալոն, ում գլխին բաղձալի թագը դրել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգան։
Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել, և ինքն իրական հաղթողի անունը չի ասել։ Այս ամենի արդյունքում թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախին, ով «Միսս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող է դարձել։
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում մենք միասին ենք եղել։ Ես տեսել եմ, թե դու որքան ուժեղ ու գեղեցիկ ես թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ։ Դու քո երկիրը պատվով ներկայացրիր, և ես գիտեմ, թե քեզնով ոնց են բոլորը հպարտանում»,- գրել է նա, փոխանցում է gazeta.ru-ն։
Նա նաև կոչ է արել բոլոր երկրպագուներին դադարեցնել սկանդալի շուրջ վեճերն ու քննարկումները։















