Չինաստանում ճապոնացի ուսուցչուհու են ձերբակալել՝ լրտեսության մեղադրանքով
Չինաստանի իշխանությունները ձերբակալել են ճապոնացի մի կնոջ, որին կասկածում են լրտեսության համար։ Նա ձերբակալվել է նոյեմբերին, սակայն ճապոնական իշխանությունները տեղեկությունը հաստատել են միայն այժմ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, համաձայն ճապոնական լրատվամիջոցների տվյալների՝ մինչ ձերբակալությունը կինն աշխատել է Շանհայի ճապոնական դպրոցում:
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվել է լրտեսության համար մեղադրվող ևս մի ճապոնացի:
Տարեսկզբից ի վեր չինական իշխանությունները Ճապոնիայից 4 ենթադրյալ լրտես են ձերբակալել:
Պեկինում կարծում են, որ լրտեսները Չինաստան են ուղարկվել չինական բանակի ու Հյուսիսային Կորեայի մասին տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև երկրի ներքին գործերի ու տնտեսության մասին տվյալներ ձեռք բերելու համար:
Եթե կասկածյալները մեղավոր ճանաչվեն, Չինաստանում նրանց մահապատիժ է սպառնում:










