«Եվրատեսիլի» կանոնները 1975 թվականից ի վեր առաջին անգամ լուրջ փոփոխությունների են ենթարկվել

15:02 • 18.02.16

«Եվրատեսիլ» երգի միջազգային ամենամյա մրցույթի կանոններում իրականացվել են 1975 թվականից ի վեր ամենալուրջ փոփոխությունները։ Այդ մասին հայտնում է մրցույթի կայքը։

 

Փոփոխության են ենթարկվել եզրափակչում քվեարկության կանոնները։

 

Եթե նախկինում ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես մեկ միասնական արդյունք, ապա այս տարվանից ժյուրին և հանդիսատեսը կստանան առանձին գնահատականներ (1-ից 8, 10 և 12)։

 

Նոր կանոնների համաձայն՝ հանդիսատեսը կքվեարկի հեռախոսով, SMS-ի օգնությամբ կամ պաշտոնական հավելվածի միջոցով, ինչից հետո 43 մասնակից երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կներկայացնի ժյուրիի գնահատականները։

 

Հանդիսատեսի քվեարկության արդյունքներն այդ ընթացքում կմիավորվեն, որպեսզի ստացվի մեկ միավոր յուրաքանչյուր երգի համար։ Այդ արդյունքները կհայտարարի «Եվրատեսիլի» հաղորդավարը։

 

Ինչպես հայտնում են մրցույթի ներկայացուցիչները՝ այդպիսի փոփոխությունները թույլ կտան հանդիսատեսի շրջանում ամենահայտնի երգին ստանալ 12 միավոր՝ անկախ ժյուրիի քվեարկության արդյունքներից: Նշվում է նաև, որ նախորդ տարիներին հաղթողը կարող էր հայտնի լինել քվեարկության ավարտից 20 րոպե առաջ, և նոր ձևաչափն աժիոտաժ կհաղորդի մրցույթին։

 

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, երկրորդը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին։

 

«Եվրատեսիլի» կանոնները 1975 թվականից ի վեր առաջին անգամ լուրջ փոփոխությունների են ենթարկվել