Լոնդոնում աճուրդի կհանվի Ջեյմս Բոնդի Aston Martin-ը
«007. Սպեկտր» ֆիլմից Ջեյմս Բոնդի Aston Martin ավտոմեքենան և ֆիլմից մի շարք այլ իրեր հինգշաբթի օրը Christie’s աճուրդի տան էլեկտրոնային աճուրդի կդրվեն։ Այդ մասին հաղորդվում է աճուրդի կազմակերպչի հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, աճուրդի ժամանակ վաճառքի կհանվի EON Productions կինոընկերության արխիվներից 24 իր։
Փետրվարի 16-23-ը նախատեսված առցանց աճուրդում կներկայացվի 14 լոտ: Եվս 10 լոտ կառաջարկվի «իրական» աճուրդի ժամանակ՝ փետրվարի 18-ին, որին հնարավոր կլինի մասնակցել միայն անձնական հրավերներով:
Հինգշաբթի օրվա աճուրդի գլխավոր լոտը կդառնա Aston Martin DB10 ավտոմեքենան, որն Aston Martin-ի աշխատակիցները մշակել են հատուկ Բոնդի մասին ֆիլմի համար։
Իր տեսակի մեջ միակ մեքենայի արժեքը գնահատվում է 1-ից մինչև 1,5 միլիոն ֆունտ սթերլինգ:
Աճուրդի ևս մեկ թոփ-լոտ է լինելու Omega Seamaster 300 ձեռքի ժամացույցը, որը Բոնդի դերում հանդես եկող Դենիել Քրեյգը կրել է ֆիլմում: Լոտի նախնական արժեքը 15-20 հազար ֆունտ սթերլինգ է։










