Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ամեն» նախագիծն աստղային կազմով կբարձրանա իտալական բեմ

10:18 • 19.02.16

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ամեն» նախագիծը Իտալիայում կներկայացվի օգոստոսի 15-ին և 16-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը` անդրադառնալով նախորդ տարի հետաձգված միջոցառմանը:

 

««Ամեն»-ը կներկայացվի Իտալիայի «Արենա դի Վերոնա» դահլիճում: Լավագույն կոլեկտիվները, բեմադրողները վախենալով են այդ դահլիճում ելույթ ունենում: Նախագծի շուրջ պետք է հավաքվեն համաշխարհային աստղեր, կատարողներ: Ամբողջ ներկայացման մեջ կարմիր գծով պետք է անցնի հայոց պատմությունը»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը:
 

ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով` ներկայացումն ինքն է բեմադրելու:  «Շատ պատասխանատու է` ինչպես ներկայացնել Հայաստանը, որ ճանաչեն քեզ: Մանրակրկիտ աշխատանք է: Մենք աշխարհին բան ունենք ցույց տալու»,- շեշտել է նա` հավելելով, որ նախորդ տարի Վերոնայում տեխնիկական խնդիրներ են եղել, այդ իսկ պատճառով ներկայացման պրեմիերան հետաձգվել է:

 

«Ամեն»-ը կներկայացնի հայ ժողովրդի, նրա ծագման, ճակատագրի պատմությունը: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին ու կորուստներին, շարունակում է լինել ծաղկող, երջանիկ և ստեղծարար երկիր:
 

Իրադարձությանը կմասնակցեն Neue Philharmonie Hamburg-ը, «Հովեր» կամերային երգչախումբը, օպերային արտիստներ Հասմիկ Պապյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Պլասիդո Դոմինգո կրտսերը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետ Գալստյանը, Ռոզի Անուշ Սվազլյանը և այլք:

 


 

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ամեն» նախագիծն աստղային կազմով կբարձրանա իտալական բեմ