«Սպեկտր» ֆիլմից Ջեյմս Բոնդի ավտոմեքենան վաճառվել է 3.500.000 դոլարով
«007. Սպեկտր» ֆիլմից ավտոմեքենան Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 3,5 միլիոն դոլարով, գրում է meduza.io-ն։
Ջեյմս Բոնդի Aston Martin DB10 մեքենան համալրված է 4,7 լիտր ծավալով V8 բենզինային շարժիչով։ Ավտոմեքենան կարող է զարգացնել մինչև ժամում 306 կիլոմետր արագություն։
Ֆիլմի նկարահանումների համար ստեղծվել է ընդամենը տասը DB10 մեքենա: Դրանցից ութն օգտագործվել են «Սպեկտրի» աշխատանքներում, իսկ երկուսը եղել են ցուցանմուշ։ Աճուրդում վաճառված մեքենան երկու մեքենաներից մեկն է, որը չի օգտագործվել նկարահանումների ժամանակ։
«Սպեկտր» ֆիլմում Ջեյմս Բոնդի դերում հանդես եկած դերասան Դենիել Քրեյգն էքսկլյուզիվ մեքենայի վրա իր ստորագրությունն է թողել:
DB10-ով չի թույլատրվում երթևեկել սովորական ճանապարհներով, քանի որ ավտոմեքենան համապատասխան թույլտվություն չունի։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «007. Սպեկտր» ֆիլմից Ջեյմս Բոնդի Aston Martin ավտոմեքենան և ֆիլմից մի շարք այլ իրեր Christie’s աճուրդի տան էլեկտրոնային աճուրդի կդրվեն։










