Ինչ գրքեր են նվեր ստացել և նվիրել քաղաքական գործիչները
Հայաստանում փետրվարի 19-ինը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը վերականգնվել է 2008թ. Գրողների միության նախագահի առաջարկով: Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1869 թ. փետրվարի 19-ին ծնվել է հայ մեծ բանաստեղծ ու գրող, ականավոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը (1869-1923):
Օրվա առիթով քաղաքական գործիչներից Tert.am-ը փորձեց պարզել, թե հասցրե՞լ են գիրք նվիրել և ստանալ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե արդեն իսկ հասցրել է գրքեր նվեր ստանալ:
«Շատ լավ գրքեր եմ նվեր ստացել՝ Կաֆկա, Սուն Ցզի, և դեռ չեմ հասցրել ինքս նվիրել, բայց ես էլ եմ պատրաստվում նվերներ տալ»,-ասաց նա:
Նախարարի ցանկությունն է՝ շատ ավելի գնահատել գրքի կարևորությունը, քան այսօր։
«Թեև կարծում եմ, որ կա մի սերունդ, որն այդուհանդերձ գնահատում է գրքի բույրը, հենց գրքից ստանալու, կարդալու հմայքը, որը գուցե դարաշրջանի որոշակի հրամայականներով պայմանավորված՝ այդքան էլ ընդունված չէ, բայց կարծում եմ՝ ունենք այդպիսի սերունդ»,-ասաց նա:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դեռ չի ստացել գիրք, բայց ակնկալում է, որ կստանա: «Սովորաբար երեխաներն ինձ գիրք նվիրում են ամեն անգամ այս օրը»,-ասաց նա:
Եսայանն ինքն էլ պատրաստել է գիրք թոռնիկների համար՝ Շառլ Պերոյի հեքիաթների ժողովածուն, «Պոչատ աղվեսը» և Մաշինկայի հեքիաթը:
«Ես միշտ ասում եմ՝ ավելի լավ է գործ ունենաս կրթված թշնամիների հետ, քան անկիրթ բարեկամների: Կարդացած մարդը, գրականության և արվեստին մոտ կանգնած մարդը ամենաճիշտ արժեքն է, որ մեզ անհրաժեշտ է։ Գնալով գրքի, գրականության նկատմամբ սերը մեզանում կրկին ուժեղանում է, որովհետև ժամանակին շատ ընթերցասեր հասարակություն ունեինք: Սա մեզ պետք է ոգևորի, որովհետև ամեն չար, նեգատիվ, բացասական էներգետիկա վերանում է, եթե դու գործ ունես կրթված մտավորական մարդու հետ, եթե գործ ունես կրթված մտավորական հասարակության հետ, կրթված ու մտավորական իշխանության և ընդդիմության հետ»,-ասաց նա:
Մարգարիտ Եսայանն այս պահին գեղարվեստական գիրք չի կարդում և ավելի շատ գիտական գրականություն է կարդում, քանի որ ԵՊՄՀ-ում դասավանդում է PR առարկան:
Բայց մշտական գրականությունը, որ վերընթերցում է՝ Վիլյամ Սարոյանն է:
«Որովհետև երբեմն ինձ թվում է՝ այն, ինչ արել է Սարոյանը, ես նախորդ կյանքում արդեն արել եմ, ինքը ինձ շատ հոգեհարազատ գրող է»,-ասաց նա: Հաջորդ գիրքը, որ գրասեղանին է, Հոմերոսի «Իլիական և Ոդիսականն» է:
«Կարծում եմ, որ բոլոր լավ բաները աշխարհում արդեն մեկ անգամ ստեղծված են եղել, հիմա կամ վերստեղծում ենք, վերընթերցում, վերակերտում, ինչպես քանդակագործության, այնպես էլ ճարտարապետության հետ: Կարծում եմ՝ մարդկային աստեղային ժամը՝ հատկապես գրականության, գրքի իմաստով, արդեն եղել է և մենք վերհիշում ենք»,-ասաց նա:
Գիրք նվիրելու օրը ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար նաև անձնական տոն է, իր ծննդյան օրն է:
«Ես ծնվել եմ 107 տարվա տարբերությամբ մեծն Թումանյանից»,-ասաց նա:
ՀՀԿ-ականը պատգամավորը գիրք չի ստացել և չի էլ պատրաստել, որ նվիրի: Իսկ թե սիրո՞ւմ է գիրք կարդալ, նշեց. «Բա ես եմ կարդում, ով ա կարդում: Տարբեր գրքեր եմ կարդում, հիմա ամերիկյան դիվանագիտության մասին եմ գիրք կարդում»:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր գիրք չի ստացել, բայց ընդգծեց, թե վերջերս է գիրք նվեր ստացել: «Բայց այսօր էլ դեռ սպասում եմ, օրը առջևում է»,-ասաց նա:
Կարինե Աճեմյանի խոսքով՝ գիրք նվիրելն էլ մշակույթ է:
«Կապված է մարդու աշխարհայացքի, մարդու զարգացվածության աստիճանի, ընդհանրապես մտածելակերպի հետ»,-ասաց նա:
«Նախընտրելի գրքեր կա՞ն, որ ուզում է ստանալ» հարցին նա պատասխանեց, թե շատ սիրում է կարդալ հայտնի մարդկանց մեմուարներ:
«Քաղաքական գործիչների մեմուարներն էի կարդում, հիմա էլ արդեն կարդում եմ արվեստի գործիչների մեմուարները: Կոնկրետ այս պահին Կոնչալովսկու մեմուարներն եմ կարդում, և շատ հետաքրքիր է»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե ինքը գիրք նվիրելու օրը հետաձգում է մինչև 25-ը:
«Որովհետև 24-ին լույս կտեսնի իմ հեղինակած հոդվածների ժողովածուն, այդ ժամանակ էլ կնվիրեմ»,-ասաց նա:










