Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Չինական ամանորյա բացիկների» ցուցահանդեսը(լուսանկարներ, տեսանյութ)
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Չինական ամանորյա բացիկների» ցուցահանդես և չինական գեղանկարչության անկյուն՝ Չինական Գարնան տոնին նվիրված միջոցառման բացման արարողությունը, որին ներկա էին պատգամավորներ, դպրոցների տնօրեններ, դպրոցականներ, ովքեր ներկայացրել էին իրենց ձեռագործ աշխատանքները:
Հանրապետության մարզերից և Երևանի 42 դպրոցներից մոտ 500 դպրոցականները պատրաստել են չինական բացիկներ:
«Բավական պատկերավոր և տպավորիչ էին բացիկները: Կարծում եմ, որ սա մեր ազդեցություն կթողնի Հայաստանում չինական մշակույթի զարգացման վրա»,-ասաց Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ներկա էր միջոցառմանը, ասաց, թե հպարտ է և իր համար շատ հաճելի է, որ հայ դպրոցականներն ավելի մոտիկից են ծանոթանում չինական մշակույթին:
«Ազգերն, այսպիսով՝ ավելի լավ են ճանաչում միմյանց մշակույթը: Սա դպրոցականների համար լավ հնարավորություն էր ավելի լավ ծանոթանալու Արևելքի տոնակատարություններին: Շատ ուրախ եմ, որ այս միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահում»,-ասաց դեսպան Թիան Էրլունին:
Ազգային ժողովի «Հանրապետական» կուսակցության անդամ Ռուզաննա Մուրադյանն էլ նշեց, թե նմանատիպ միջոցառումներն ամուր բարեկամական կապեր են ստեղծում երկու ազգերի միջև:










