Աբովյան պուրակում կլինի մաթևոսյանական միջավայր՝ Լոռվա բնության պատառիկով. Դավիթ Մաթևոսյան

02:32 • 19.02.16

Բնապահպանները բարձրաձայնում են՝ Երևանում հերթական շինարարությունն է ընթանում կանաչ տարածքի հաշվին: Երևանի Աբովյան պուրակի տարածքում ծանր տեխնիկա է աշխատում և արդեն իսկ ծառեր են հատվել:

 

Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացրին, որ կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը:


Թե ինչքա՞ն տարածք է հատկացվում կենտրոնի կառուցմանը և շինությունն արվո՞ւմ է կանաչ տարածքի հաշվին հարցին՝ քաղաքաշինության նախարարությունից հրաժարվում են պատասխանել՝ խնդրելով դիմել Երևանի քաղաքապետարան: Իսկ Երևանի քաղաքապետարանից պահանջեցին հարցերը գրավոր ուղարկել: 


Քաղաքաշինության նախարարությունը միայն նշեց, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 470 345 670 ՀՀ դրամ, որն իրականացնելու համար մրցույթում շահող է ճանաչվել «Հորիզոն 95» ՍՊԸ-ն:
Ի դեպ, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի նախագիծը հեղինակել է Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:


Tert.am-ի հետ զրույցում «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ 2011թ-ին կենտրոնի կառուցման համար այգու հարևանությամբ տարածքը հաստատվեց, որից հետո հիմնադրամը ներկայացրել է հայեցակարգ,  որպեսզի կենտրոնի հետ մեկտեղ մոդելավորվի մաթևոսանական միջավայր, որը կհիշեցնի Լոռվա բնության մի պատառիկ:
Ըստ նրա, բացի շրջակա նախատեսված հայեցակարգի՝ նաև առանձին կենտրոնի կառուցման նախագիծն է կազմվել և արդեն իսկ կառուցվում է:


«Այս պահին մեխանիզմ չունենք մենք վերահսկելու կառուցապատման ընթացքը, քանի որ մենք չենք կառուցողը, կապալառուն մենք չենք, միայն տարածքն է մեզ պատկանում, ուղղակի կարող եմ ասել, որ այն տարածքը, որը հատկացված է մոտ 20 տարի առաջ 400 մետր տրամագծով, այդտեղ շինարարության համար որևէ ծառ չկա, հարևանությամբ եղած  ծառերն էլ, ըստ երևույթին, հասարակության մոտ շփոթմունք են առաջացրել և այն, որ   շինարարություն իրականացնեն ավելի մեծ տարածք է ցանկապատվել, հավանաբար այդ  հանգամանքն է   շփոթության մեջ է գցել»,-ասաց նա:


Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ հիմնադրամի համոզմամբ՝ առանց այգու կանաչ տարածքների և լանդշաֆտային դիզայնի՝ հայեցակարգի մասնակի իրականացմանն իրենք դեմ են:


«Այս պահին կառավարության հետ նամակագրութուն կա, և քննարկումների ժամանակ էլ արդեն իսկ հավանության է արժանացել թե՛ ճարտարապետ Բարսեղյանի կողմից, և թե՛ Նարեկ Սարգսյանի կողմից ամբողջական հայեցակարգը, որ ծառերը բարեկարգվեն, համալրվեն»,-ասաց նա և հավելեց, թե մինչև հիմա այդ ամենը բանավոր վիճակում է քննարկվել և այգու վերականգնման փուլին  էլ անցնելու համար կառավարությանն են դիմել և  սպասում են պաշտոնական պատասխանին:


Դավիթ Մաթևոսյանը հստակեցրեց, թե իրենց հասարակական կազմակերպությունը հենց մշակութային և բնապահպանական գործառույթ ունի, և իրենք անձամբ թույլ չէին տա: «Ի վերջո, մենք Երևանի կանաչապատ տարածքների, մշակութային շենքերի ոչնչացման դեմ պայքարում բավական գործունեություն ենք ունեցել  և շարունակելու ենք դա անել»,-ասաց նա:
Աբովյանի այգին, ըստ նրա, փրկության կարիք ունի: «Այնտեղ խառնիխուռն կառույցի մնացորդներ են, հասարակական զուգարանին հատուկ վայրեր են, ծուռ-մուռ իրենք իրենցով աճած ծառեր են և այդ ամենը մենք փորձելու ենք ծառերի պուրակի վերածել, որտեղ  կձևավորվենք ռեալ մշակութային մթնոլորտ»,-եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը: 

Աբովյան պուրակում կլինի մաթևոսյանական միջավայր՝ Լոռվա բնության պատառիկով. Դավիթ Մաթևոսյան