«Փախիր կամ ամուսնացիր» ПОЕХАЛИ «Ռակետա»-ով` դեպի մեծ էկրաններ

20:09 • 19.02.16

Ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի, հույս կարող ես դնել միայն ինքդ  քեզ և մեկ էլ լավագույն ընկերոջդ վրա:

 


Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

 

Ռեմարկի խոսքերից սկսեցինք,  քանի որ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պատմությունը սկիզբ է առնում վաղեմի ընկերությունից: Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Համբարձումյան և Աշոտ Աբրահամյան. հենց նրանք են ֆիլմի պրոդյուսերները՝ լավ ընկերներ, ովքեր արդեն շուրջ 12 տարի միասին ստեղծագործում և աշխատում են:


«Պերսոնա Գրատա» մարքեթինգային ընկերության տնօրեն Տիգրան Համբարձումյանը պատմում է,  թե  ինչպես  ծնվեց  ֆիլմ  նկարահանելու  գաղափարը.

 

«Եռյակ էր ստեղծվել՝ կատակերգական ժանրի սցենարներում փայլող Աշոտ Աբրահամյանը, շնորհալի դերասան Մկրտիչ Արզումանյանը և «Պերսոնա Գրատա» ընկերության մեծ թիմը, որը երկար տարիներ զբաղվում է նկարահանման աշխատանքներով և մարքեթինգային գործունեությամբ: Այսինքն՝ կար այն ամենն, ինչ  պետք  էր ֆիլմի ստեղծման և առաջխաղացման համար: Մենք երեքս շատ երկար ենք համագործակցել տարատեսակ հեռուստատեսային և գովազդային նախագծերի շրջանակներում: Ֆիլմարտադրության ոլորտում համագործակցության առաջարկներ  մի քանի անգամ եղել են, բայց մերժել ենք, քանի  որ գտել ենք՝ պատրաստ չենք: Բայց մի օր պարզապես եկավ այն պահը, երբ մենք հասունացանք գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար: Առհասարակ, կյանքում  շատ կարևոր  է ցանկացած քայլի համար 100%-ով նախապատրաստված լինել, լիովին  հասունացած,  որպեսզի  միշտ կարողանաս մի աստիճանով բարձրանալ»:

 

 

Հարցերի միջոցով չափազանց դժվար էր պարզել, թե ով է այս կամ այն գաղափարի հեղինակը: Ընկերներով միահամուռ պնդում են, որ ցանկացած որոշում միասին են կայացրել: Սցենարի բուն գաղափարն էլ, ինչպես  պատմում է ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր, սցենարի հեղինակ Աշոտը, ծնվել է ընկերական  զրույցի  ժամանակ և միանշանակ հավանություն ստացել երեքի կողմից.


«Սցենարն ինքնատիպ է. այսպիսի  պատմություն  դեռ  չի նկարահանվել: Բացի այդ, լրացուցիչ օրիգինալություն են տալիս կերպարները.  նրանք բոլորն էլ յուրահատուկ են և չունեն նախատիպեր»:


Հայ հանդիսատեսի մոտ որոշակի կարծրատիպ է ձևավորվել, որ եթե կատակերգություն է նկարահանվել, ապա այն պետք է լինի անլուրջ, ժարգոնային լեզվով համեմված, անթիվ-անհամար հեռուստատեսային աստղերի մասնակցությամբ: Եվ, ի վերջո, կատակերգությունը հոմանիշ է դառնում անմակարդակությանը: «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունն այլ է, և թե ինչով է տարբերվում, պատմում են պրոդյուսերները.
 

«Նման կարծրատիպի ձևավորման պատճառները շատ են: Բյուջեները փոքր են, ժամկետները` սեղմ, իսկ ֆիլմը, այսպես ասած, «ավելի խնդալու» դարձնելու նպատակով ստիպված օգտագործվում են «արգելված հնարքներ»՝ ժարգոն, «գոտկատեղից ներքև» կատակներ, և այդ ամենն ինչ-որ տեղ ներելի է հեռուստատեսային ֆորմատի դեպքում: Սակայն այդ հումորը «ֆասթ ֆուդի» նման է` ուտելու պահին հաճելի է, բայց  հետո   սկսվում է այրոց, ծանրություն ստամոքսում: Մենք ի սկզբանե և միանշանակ  որոշեցինք՝ մեր ֆիլմը «ֆասթ ֆուդ» չի լինելու: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր ֆիլմը չլինի միանգամյա օգտագործման, այլ բացի հումորային բաղադրությունից՝ իր մեջ պարունակի նաև գեղարվեստական ֆիլմի բոլոր գումարելիները` ճաշակ, չափվածություն, ենթատեքստ»,- ասում է Աշոտ Աբրահամյանը:


Գլխավոր դերակատար ու միաժամանակ պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը նշում է, որ այս կատակերգությունը բոլորի համար է՝ անկախ սեռից ու տարիքից.


«Շատ պայծառ, լուսավոր ու բարի ֆիլմ է ստացվել՝ տարատեսակ էմոցիաներով հարուստ: Շուրջ 40 օր տևեցին ֆիլմի նկարահանումները, և այդ ամբողջ ընթացքում դժվար, ծանր, անմարդկային խոչընդոտների և փակուղիների ենք բախվել ու հաղթահարել: Նախ ինձ համար  շատ դժվար էր համատեղել պրոդյուսեր-դերասան պարտականությունները: Տեխնիկական, ֆինանսային և կազմակերպչական խնդիրները՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ անտանելի շոգը, որին ես չեմ դիմանում: Բացի այդ, մեր շատ սիրելի «Ռակետա» մեքենան՝ գլխավոր դերակատարներից մեկը, մեր կյանքը կերավ Smile. հենց ամենաանհարմար պահին, ամենաանմարդաբնակ վայրում կորոշեր փչանալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են. մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, բայց բոլորի աջակցությունն էլ անգին ու անփոխարինելի է եղել: Հպարտ եմ, որ գործընկերներիս հետ կարողացել ենք նման աշխատանք կատարել»:


Տիգրան Համբարձումյանի կարծիքով տվյալ ֆիլմը մեր կինոշուկայում առկա կատակերգություններից տարբերվում է, քանի որ ընտրվել է մատուցման և նկարահանման  նոր մոտեցում.

 

«Երբ որոշեցինք ֆիլմ նկարահանել, ուսումնասիրեցինք շուկայում առկա բոլոր կատակերգական ֆիլմերը: Բոլորն էլ իրենց տեղն ունեն, բայց մենք մեր մոտեցումը գտանք: Ուսումնասիրեցինք արտասահմանյան փորձը, օգտագործվող գործիքները և, բնական է, որ նպատակ դրեցինք էլ ավելի լավ ֆիլմ ստեղծել՝ լինել ամենալավը: Ցանկացել ենք մեկ աստիճանով բարձրացնել հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի որակը, և լսարանին առաջարկել մի նոր բան՝ նոր ձեռագրով: Ցանկացած կատակերգության նպատակներից մեկը  ծիծաղեցնելն է, բայց ոչ միակ առաքելությունը: Մենք  ուզել  ենք նախ և առաջ ԿԻՆՈ նկարել՝ ասելիքով, որակով և, իհարկե, զվարճալի»:


Ֆիլմի հիմքում ընկած է ոչ միայն ընկերությունը, այլև փոխադարձ վստահությունը. «Մեր աշխատելաոճը միշտ կոլեկտիվ բնույթ է կրել` ցանկացած հարցին կամ պրոբլեմին նայել ենք բոլոր հնարավոր տեսանկյուններից, լսել ենք յուրաքանչյուրիս կարծիքը, ինչը թույլ է տվել միշտ օբյեկտիվ որոշումներ կայացնել»,- պատմում է  սցենարի հեղինակը:

 

Գլխավոր դերակատարների ընտրությունը միանշանակ էր, թեև մտավախությունները շատ էին. 

 

 

«Երբ առաջարկեցի, որ գլխավոր դերակատարուհին լինի Իվետա Մուկուչյանը՝ երգչուհի, առանց դերասանական փորձի, միաժամանակ և՛ ոգևորվեցի, և՛ շատ վախեցա: Մեծ հմտություններ ու փորձ է անհրաժեշտ կինոյում, այն էլ՝ գլխավոր դերի համար: Սակայն, մեր երկար փորձերի, ամիսներով տարվող աշխատանքների արդյունքում  Իվետան հոյակապ մարմնավորեց Սաթենիկին»,- պատմում է Մկոն:


Ինչ վերաբերում է մարքեթինգային հնարներին, ՊԳ ընկերության կողմից իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքում  դուրս է  բերվել X թվի մարդկանց քանակ, ովքեր, այսպես, թե այնպես, գնում  են հայկական ֆիլմեր դիտելու՝ անկախ ամեն ինչից: Իսկ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի առջև դրվել է հետևյալ խնդիրը՝ կրկնապատկել հանդիսատեսի թիվը:
Տիգրանը բացատրում է. « «Ռակետա»-ն մարքեթինգային քայլ էր: Ցանկացել էինք  մի  լեգենդ  ստեղծել,  որը  կտանի  մեզ  և հանդիսատեսին դեպի մեծ էկրաններ: Հատուկ ֆիլմի համար գրեթե զրոյից է հավաքվել մեքենան, և լեգենդն իր գործն արեց. առաջին հայկական մարդատար մեքենայի մասին ինֆորմացիան շատ արագ ու բնականոն կերպով տարածվեց համացանցում՝ մեծ  հետաքրքրություն  առաջացնելով  հասարակության շրջանում»:

 

Մկոն հավելում է. « «Ռակետա»-ն սկզբից  մինչև վերջ մեզ հետ է եղել, ու դեռ պիտի բենզինն ու յուղը տեղը պահենք, առջևում դժվար օրեր են: Այս պրոյեկտը փայփայելով, ինչպես փոքր երեխային, տանում ենք դեպի մեծ էկրաններ: Եթե ֆիլմը սիրվեց, ուրեմն համագործակցությունը ստացվեց, և կարելի է մտածել գործը շարունակական դարձնելու մասին»:


Այսօրվա հանդիսատեսն ամբողջ աշխարհում նախապատվությունը տալիս է կատակերգական ֆիլմերին: Մեր ազգին էլ չի խանգարի ավելի հաճախ լիաթոք ծիծաղել՝ ծիծաղել անհոգ, ծիծաղել որակյալ հումորի վրա և, ինչու չէ, ինքներս մեզ վրա: Վայելե՛ք «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը մարտի 3-ից: Ֆիլմ, որը բազմաթիվ էմոցիաներ է առաջացնում ` ծիծաղ, հուզմունք, կարեկցանք... Իսկ մենք բոլորս էլ սիրում ենք այն ամենը, ինչը մեր կյանքն ավելի հետաքրքիր և էմոցիոնալ է դարձնում, այնպես չէ՞:

 

 

«Փախիր կամ ամուսնացիր» ПОЕХАЛИ «Ռակետա»-ով` դեպի մեծ էկրաններ