«Տարվա բեսթսելեր». տարվա ժամանակակից հայ հեղինակը Վահրամ Մարտիրոսյանն է

15:32 • 20.02.16

 

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծն արդեն երրորդ անգամ յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփել է տարին: Փետրվարի 20-ին LOFT կենտրոնում անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում հայտարարվեցին հաղթողներ:
 

«Մենք սովորաբար մրցանակաբաշխությունն անում ենք Մայրենի լեզվի օրը, սակայն հաշվի առնելով օրացուցային առանձնահատկություններն, այս տարի որոշեցինք կազմակերպել տոնից մեկ օր շուտ: Մրցանակաբաշխության գրքերն ընտրում ենք ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներով, որպեսզի գնահատվի լավ գիրքը, իսկական գրականությունը, լավ գրահրատարակիչը, գրքի վաճառքով զբաղվող պրոֆեսիոնալ մարդիկ: Ուրախ եմ, որ մեր նախագիծը շարունակում է իր ընթացքը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության մեկնարկին նշել է Արամ Անանյանը:

 

Տարվա ժամանակակից հայ հեղինակ է ճանաչվել Վահրամ Մարտիրոսյանը («Սերը Մոսկվայում»): «Մեր ժամանակներում գիրք գնելը և տպելը խիզախություն է: Ինձ համար շատ արժեքավոր է այս մրցանակը»,- ասել է Վահրամ Մարտիրոսյանը:

 

Տարվա ամենապահանջված թարգմանությունները կատարել է Կարլեն Մատինյանը` հայերեն թարգմանելով Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»: «Ինձ համար անակնկալ էր այս մրցանակն, անչափ շնորհակալ եմ մրցանակի համար: Այս հաջողության հիմքը մեծագույն գրողներն են` Գրասը և Ելինեկը»,- ընդծել է Կարլեն Մատինյանը:

 

Տարվա մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է: Բեսթսելերների տարվա հրատարակիչը կրկին «Անտարես»-ն է: Տարվա մանկական գրքերի հրատարակիչը` «Բուկինիստ»-ը:

 

Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի է արժանացել Գրիգը` «Հիսուսի կատուն» ժողովածուի համար: «Ժամանակին համահունչ» նոր` հատուկ մրցանակն է ստացել «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը։
 

Մրցանակաբաշխության ավարտին նշվել է, որ նախագիծը կներկայացվի նաև հեռուստատեսային ձևաչափով: 

 

Մրցանակաբաշխության նպատակն էր արժանին մատուցել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին: Միջոցառմանը ներկա էին գրական ասպարեզի ներկայացուցիչներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, հյուրեր:

 

«Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ.առաջին անգամ իրադարձությունը տեղի է ունեցել 2014 թվականին:
 

«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: