Քվենտին Տարանտինոն դժգոհել է «օսկարյան» ակադեմիկոսներից
Օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ Ամերիկյան կինոակադեմիան անարդարացիորեն արհամարհում է իր ֆիլմերի հագուստների նկարիչներին, և ինքն ունի դրա բացատրությունը, փոխանցում է filmpro.ru-ն:
Հագուստի նկարիչների գիլդիայի մրցանակի հանձնման ժամանակ Տարանտինոն ելույթ է ունեցել` ի պաշտպանություն իր գործընկերների, որոնց, իր կարծիքով, չեն նկատում Ամերիկյան կինոակադեմիայի սխեմատիկ վերաբերմունքի պատճառով:
«Իմ ֆիլմերի հագուստի դիզայներներից ոչ ոք երբեք չի ներկայացվել «Օսկար»-ի, քանի որ ես չեմ անում պատմական ֆիլմեր` պարահանդեսներով և հարյուրավոր մարդկանցով: Սակայն մենք այլ բան ունենք, ես դա բարձրագույն մրցանակ եմ համարում... Արդեն 20 տարի է՝ Հելոուինին ես տեսնում եմ սևամորթ ու սպիտակամաշկ տղաների, ովքեր հագնվում են ինչպես Ջուլսը և Վինսենթը՝ «Քրեական ընթերցվածք» ֆիլմից: Տեսնում եմ շիկահերների դեղին կոմբինեզոնով: Ես կինոյում հագուստներին բավականին լուրջ եմ վերաբերվում»,- ասել է Տարանտինոն:










