Էնիո Մորիկոնեն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի անվանական աստղը։ Այսկերպ նշվել է կինեմատոգրաֆում նրա ունեցած ավանդը. 1960-ից ի վեր երգահանը գրել է երաժշտություն ավելի քան 450 ֆիլմերի համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երաժշտի վերջին աշխատանքը Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակը» ֆիլմն է, որի համար իտալացին ներկայացվել է «Օսկար» մրցանակի:
Մորիկոնեի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում ուրբաթ օրը:
«Ես երբեք չէի համարձակվի ասել, որ այս պատիվը բաժին կհասնի ինձ: Ես երբեք չէի սպասում, որ կստանամ աստղ»,- ասել է մաեստրոն:
Նրան պատվելու են եկել Տարանտինոն, ինչպես նաև The Weinstein Company կինոստուդիայի հիմնադիրներից մեկը` ռեժիսոր և պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը:
Այս տարի Մորիկոնեն արդեն հասցրել է արժանանալ ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին։










