Տիգրան Համասյանը Գյումրիի տնակային թաղամասում բարեգործական համերգ է տալիս

16:45 • 27.02.16

 

Տաղանդավոր երաժիշտ Տիգրան Համասյանը Գյումրիում անօթևաններին աջակցություն ցուցաբերելու համար հանդես է գալիս համերգով: Հավաքված գումարով նախատեսվում է բնակարաններ գնել 13 անօթևան ընտանիքների համար:



Նախաձեռնության հեղինակներից է լուսանկարիչ, գյումրեցի Հայկ Բարսեղյանը, ով ասում է, որ 26-27 տարի իր մաշկի վրա զգացել է այդ ծանրությունը:


«Որոշեցինք դրամահավաք կազմակերպել, սկզբի համար 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու համար: Խոսքը միայն անօթևաններին չի վերաբերում, այլ այն ընտանիքներին, ում երեխաները չեն կարողանում քնել, գլուխների վրայով առնետներ են վազվզում»,- ասել է Հայկ Բարսեղյանը՝ նշելով նաև, թե դրամահավաքը նպատակ ունի նաև իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:



Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից Տիգրան Համասյանին ոսկե մեդալ  շնորհվեց:


«Հաշվի առնելով ջազային և հոգևոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունն ու համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին և գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոներում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական ակտիվ գործունեությունը, և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, որոշում եմ՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգևատրել Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով»,-ընթերցվեց քաղաքապետի որոշումը:


Նշենք, որ կիրակի օրը, ժամը 17:00-ից Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում դրամահավաքը շարունակվելու է:


Նախաձեռնության կազմակերպիչներն ակնկալում են գոնե մեկ բնակարանի գումար էլ հավաքել Երևանում:


Դրամահավաքին միանալու համար այցելեք այս հղումով:

 

 

Տիգրան Համասյանը Գյումրիի տնակային թաղամասում բարեգործական համերգ է տալիս