Առաջիկա օրերին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ցիկլոնի ուժը կմեծանա մարտի 28-29-ին. Գագիկ Սուրենյան

11:11 • 25.03.16

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Ըստ նրա՝ մարտի 25-27-ին ցիկլոնը հատկապես ակտիվություն կցուցաբերի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, որի արդյունքում նշված ժամանակահատվածում շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:


«Մարտի 28-ից ցիկլոնի ուժը կմեծանա և իր պիկին կհասնի մարտի 29-ին: Մարտի 28-29-ին բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-ին լեռնային առանձին մարզերում ձյան տեսքով: Մարտի 30-ից տեղումները աստիճանաբար կդադարեն և կպահպանվեն միայն Սյունիքում ու Արցախում»,- ասաց նա:


Սուրենյանը տեղեկացրեց, որ այսօր հատկապես կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում կանխատեսված է քամու ուժգնացում 25-30մ/վրկ:


«Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը բավականին բարձր կլինի հանրապետության բոլոր մարզերում, Տավուշում, Սյունիքի հովիտներում այն ցերեկը կհասնի +22...+25 աստիճանի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +18...+20-ի: Սակայն Մարտի 27-29-ին օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել ընդհանուր առմամբ մոտ 8-10 աստիճանով և արդեն մարտի 29-ի ցերեկը Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +10...+12 աստիճանը:Մարտի 30-ից սկսած եղանակը կսկսի կրկին տաքանալ»,-ասաց նա:


 

 

Առաջիկա օրերին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, ցիկլոնի ուժը կմեծանա մարտի 28-29-ին. Գագիկ Սուրենյան