MLS. «Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Ատլանտա»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 935-րդ և 936-րդ գոլերը
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ատլանտա Յունայթեդը» «Մերսեդես-Բենց» մարզադաշտում ընդունել էր «Ինտեր Մայամիին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում. 45-րդ րոպեին «Ինտեր Մայամիին» առաջ մղեց արգենտինացի հարձակվող Խերման Խերման Բերտերամեն։ Երկրորդ խաղակեսում իսկական ֆուտբոլային ներկայացում ապահովեց Լիոնել Մեսսին։ Արգենտինացի ավագը չորս րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ աչքի ընկնելով 56-րդ և 60-րդ րոպեներին։ Ընդ որում, հյուրերի կազմում երկու գոլային փոխանցումն էլ իր ակտիվում գրանցեց Լուիս Սուարեսը։ Տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն հանդիպման ավարտին. 89-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆաֆա Պիկոն՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Մեսսիի խփած այս գնդակներն ունեին պատմական նշանակություն. նա հեղինակեց պաշտոնական հանդիպումներում իր կարիերայի 935-րդ և 936-րդ գոլերը։ Այս խաղից հետո 39-ամյա արգենտինացին, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 25 գոլի հեղինակ, ամրապնդեց իր առաջատարությունը MLS-ի լավագույն ռմբարկուների ցուցակում՝ շրջանցելով «Դալասի» հարձակվող Պետար Մուսային (20 գոլ)։ Բացի այդ, նա գրանցեց եզակի նվաճում՝ դառնալով MLS-ի պատմության մեջ ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը՝ Խոսեֆ Մարտինեսից (2018 և 2019 թթ.) հետո, որը երկու մրցաշրջան անընդմեջ դառնում է 25 և ավելի գոլերի հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր Մայամին» վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ատլանտան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 25-ին՝ մրցելով «Չիկագո Ֆայրի» հետ, իսկ «Ինտեր Մայամին» նույն օրը կհյուրընկալի «Նյու Յորք Ռեդ Բուլզին»:










