Պալմիրայի վերականգնմանը պատրաստ է մասնակցել 60 կազմակերպություն ամբողջ աշխարհից
Ամբողջ աշխարհից մոտ 60 կազմակերպություն իր օգնությունն է առաջարկել սիրիական Պալմիրա քաղաքի պատմական հուշարձանների վերականգնման հարցում, հայտնել է Հոմսի նահանգապետ Թալալ Ալ Բարազին, փոխանցում է РИА Новости-ն:
«Պատմական հուշարձանների պահպանության վարչությունը գնահատել է վնասը և համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։ Այս պահին ստացվել են օգնության առաջարկներ մոտ 60 կազմակերպություններից, քանի որ այդ հուշարձանները համարվում են անգնահատելի մեր քաղաքակրթության համար»,- ասել է Ալ Բարազին:
Նա նշել է, որ գումարը, որը կպահանջվի վերականգնման աշխատանքների անցկացման համար, դեռ հնարավոր չէ ասել, սակայն կառավարությունը կհատկացնի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Պալմիրայի պատմական տեսքի վերականգնման առաջին քայլը պետք է լինի քաղաքի ականազերծումը: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում բնակիչները կկարողանան վերադառնալ Պալմիրա։
Երեկ հաղորդվել էր, որ Պալմիրայի ականազերծման նպատակով ռուս սակրավորների առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա։
Հիշեցնենք որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։










