Оֆշորային սկանդալում շոշափվում են նաև Սայմոն Քոուելի, Սթենլի Կուբրիկի ու Պեդրո Ալմոդովարի անունները
Օֆշորային սկանդալում ներքաշված են ոչ միայն տարբեր պետությունների ղեկավարներ, այլև արվեստի հայտնի գործիչներ։
The Guardian պարբերականը բացահայտել է, որ պանամական Mossack Fonseca ընկերության միջոցով օֆշորային գործարքներ են կնքել նաև հայտնի երաժշտական պրոդյուսեր Սայմոն Քոուելը, ինչպես նաև համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսորներ Սթենլի Կուբրիկն ու Պեդրո Ալմոդովարը:
Մասնավորապես՝ Քոուելը մասնաբաժիններ ունի 2007թ. տարբեր ամիսներին հիմնված Southstreet Limited և Eaststreet Limited ընկերություններում, որոնք զբաղվում են հողատարածքների առքուվաճառքով:
Չնայած, որ տաղանդաշատ կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկը մահացել է 1999թ., այնուհանդերձ՝ նրա անունը ևս շոշափվում է գաղտնի փաստաթղթերում: Հայտնի է, որ նրա ընտանիքի անդամներն օգտագործել են օֆշորային հաշիվները` ֆիլմերից ստացված եկամուտները թաքցնելու համար։
Ալմոդովարի անունը կապում են Glen Valley Corporation ընկերության հետ, որտեղ նա զբաղեցրել է բավական բարձր պաշտոն: Նշվում է, որ Ալմոդովարը չեղարկել է այս չորեքշաբթի կայանալիք մամուլի ասուլիսը` ցանկանալով խուսափել օֆշորային սկանդալի վերաբերյալ տհաճ հարցերից:
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










