Աստված թակել է Հայաստանի դուռը. «Մի երազանք ունեմ մենակ՝ առողջանամ, հասնեմ տղերքին»

21:50 • 11.04.16

Պատերազմական հաղորդագրությունները կարճ են լինում: Չերկարաբանենք: «Էրեբունի» բժշկական կենտրոնում զրուցեցի վիրավոր զինվորների ու նրանց հարազատների հետ: Այդ զրույցները մեկնաբանությունների կարիք չունեն: Դրանք զրույցներ էլ չեն, այլ՝ պատգամներ: Խոսելիք չկար: Ես ամաչում էի իմ ապրած սովորական, շարքային մարդու իմ ամենօրյա կյանքի համար: Եվ այնուամենայնիվ… Արարիչը մի նոր աշխարհ, նոր երկինք և նոր երկիր է ստեղծում մեզ համար. մոլորված ոչխարների Նրա հոտը պիտի կարգաբերվի, պիտի անցնի մահից դեպի կյանք, խավարից դեպի լույս. այլ ելք, ուղղակի, չկա: Աստված թակել է Հայաստանի դուռը:

 

-Բարև Ձեզ:


-Հա…բարև:


-Երեկվա, մյուս օրվա համեմատ, ո՞նց եք, առաջընթաց զգո՞ւմ եք:


- Ոնց չկա, կա, էն էլ՝ շատ:


- Թույլ կտա՞ք, մի երկու հարց էլ տամ:


-Տվեք, տվեք, բան չկա:


-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր  սխրանքի համար…


-Էհ, ասիր հարց, բա էդ հա՞րց ա:


-Հա, դա ամենագլխավոր հարցն է, դուք բոլորիս կյանքն եք փրկել. եթե  մեր զինվորները դիրքերը անձնուրաց չպաշտպանեին, ի՞նչ իմանաս՝ դրանք ուր կհասնեին: Ո՞ր դիրքերում եք վիրավորվել:


-Մատաղիս:


-Առաջին օ՞րը:


-Չէ, երրորդ:


-Պայմանագրայի՞ն եք:


-Սպա եմ, Մատաղիսում հետախուզական ստորաբաժանման հրամանատարն էի. Կիմ Աբրահամյան:


- Կիմ ջան, բա դեպքը ո՞նց պատահեց, հիմա որ մտածում ես, հնարավոր չէ՞ր դրանից խուսափել:


-Դե գրաված դիրքերը հետ գրավելու առաջադրանքն էր կատարվում: Կարևորը՝ մենք մեր նպատակին հասանք, դիրքը հետ բերեցինք: Դե  էս էլ ի՞նչ ասեմ, բախտի բան էր էլի: Ոչինչ, կպատահի:


-Չէ, ոչինչ չի, մեր ամեն զինվորը, սպան մեզ համար ամենաթանկն են…


-Ամենաթանկը մենք չենք, մեր հայրենիքն ա: Հենա, ասում եմ շուտ լավանամ, գնամ հասնեմ տղերքին: Էդ ա մենակ մտածմունքս:


-…


Բժշկուհի Հասմիկ Սաիյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն- Ինքն ուժեղ, տոկուն տղա է, լուրջ վնասվածքներ, սալջարդ, վերքեր ուներ, դրենավորված է, բայց այս կամքը որ ինքն  ունի,  անպայման ոտքի կկանգնի: Կասկած անգամ չունենք:


-Ո՞նց եք։


-Լավ եմ։


Բժշկուհի Հասմիկ Սաիյան-Շատ էլ ճիշտ պատասխան.Անդրեյ Վարդանյանը  քսան տարեկան է, Արմավիրից, ողնուղեղի վրա էր բեկորը, վիրահատել հեռացրել ենք և արդեն ոտքերը շարժում է։


-Հիմա ամենաշատը ինչի՞ մասին ես մտածում:


-Դե դուք գիտեք էլի  հիմա  բոլորս էլ մի բանի մասին ենք մտածում:


-Խաղաղությա՞ն:


-Չէ, մեր հայրենիքը պաշտպանելու:


-Իսկ խաղաղության մասին չե՞ք մտածում:


-Որ հայրենիքը չպաշտպանես խաղաղություն չի լինի;


-Հա, ճիշտ ես. ուզում եմ շնորհակալություն  հայտնել քեզ քո սխրանքի համար, առողջություն եմ մաղթում:


-Հա, ապրես, առողջությունը պետք ա, որ գնամ ծառայությունս շարունակեմ:


-Ուզում ես շարունակե՞լ:


-Հա:


_...

 

-Չեք առարկի՞, որ մի  քանի հարց էլ Ձեզ տամ:


-Չէ, բայց շատ հարցեր չտաք:


-Պայմանավորվեցինք, երբ տեսնեք չափն անցնում եմ, զգուշացրեք:


Բժշկուհի Հասմիկ Սաիյան -Արթուր Արզանգուլյան, Ստեփանակերտից է, կամավորական: Արթուր ջան, ասեմ, չէ՞, որ արդեն արցախյան երկրորդ պատերազմին ես  մասնակցում: Առաջինի ժամանակ 16 տարեկան է եղել…


-Չէ, չէ, ի՞նչ եմ արել որ էն ժամանակ,  ջուր բան էի կրում դիքեր, եղավ որ մասնակցե՞լ եմ:


Բժշկուհի Հասմիկ Սաիյան -Դե դա էլ յուրովի մասնակցություն է


-Դե  եթե ճակատից  ես տեսնում պատերազմը, ուրեմն արդեն մասնակից ես:


-Հենա, բժշկուհին ասում ա, ես էլ եմ  իմ 14 տարեկան տղային ուղարկել…


-Վայ, իսկապես, բայց ի՞նչ պիտի անի Ձեր 14 տարեկան տղան այնտեղ:


Բժշկուհի Հասմիկ Սաիյան -Եղբորս հետ ուղարկեցի, թող իր աչքերով տեսնի, իմանա, պատկերացնի, իսկական տղամարդ դառնա, այս տղաների նման քաջ:


-Այ ժողովուրդ, դուք վախ, բան լրիվ կորցրել եք, էդ լավ ա՞, թե՞ վատ:


-Լավ ա, շատ լավ ա: Բա էսքան դար հետո հազիվ հաղթանակը երկու անգամ վերցրել ենք, էլ ի՞նչ վախ: Հիմա մնում ա, հայերը  աշխարհի որ անկյունում էլ լինեն, իրար գրկած լինեն, մի բռուցք դառնան, որ մենք էս մեր հաղթանակները չկորցնենք: Էդ բռունցքը, որ թուրքը տեսավ, խելքը գլուխն ա հավաքելու: Ես ինչ, ես կամավորական եմ, որ տեսնեիք մեր 20-21 տարեկան զինվորները ոնց էին կռվում, իրար գլխից թռնելով, ոսկի, ոսկի էրեխեք: Իրանց էս քանի օրվա աշխատանքը չպիտի ջուրը լցվի, պիտի բոլորս մեկ մարդու նման կանգնենք, չթողնենք, որ իրանց հաղթանակը գողանան:


Բժշկուհի Հասմիկ Սաիյան -Արթուր ջան, դու գիտես, չէ՞, որ քո էն կրծքավանդակում դեռ մի արկի բեկոր էլ կա, դու դեռ պիտի պառկես, ապաքինվես:

 


-Ասկոլկա ա էլի, յա ձեքիս ա, յա ջանիս մեջ, ի՞նչ տարբերություն:


-Բժշկուհի, կներեք, բա ինչո՞ւ չեք վիրահատել, դա հեռացրել:


-Այդ բեկորը սրտի և խորը զարկերակին խիստ մոտ է և բժշկական կոնսիլիումը որոշեց, որ սպասենք, վիճակը կայունանա, նոր մտածենք այդ մասին: Այստեղ էլ վիճակն ահագին բարդ էր, խնդիրները շատ էին:


-Բարդ բան չկա,  բժիշկ ջան,  էդ ասկոլկան, որ հանեք, կտաք ինձ էլի, երկրորդ անգամ ա բեկորը գալիս, նստում ստեղ,  էն մյուսն էլ եմ պահում:


-Մի անգա՞մ էլ է սա պատահել:


-Հա, «կալեկցիա»  եմ հավաքում: /Ծիծաղում է: Վ.Ս./


-Պատերազմի հետ արդեն  «շուլո՞ւխ»  ես անում, Արթուր: Բա ես ինչո՞ւ եմ սարսափում:


-Թող վախենա նա, ով հարձակվում ա. պատմության մեջ մի էսպիսի բան կա՝ հարձակվողը միշտ պարտվում ա, թող թուրքը վախենա, էդ բանն իրա քյալլան չի մտնում, որ ինչքան հարձակվեց՝ պարտվելու ա:


-Ի՞նչ կուզեիք ձեր մարտական ընկերներին փոխանցել, իրենց ասելիք ունե՞ք:


-Դե կապը միշտ կա, հեռախոսով խոսում ենք, շատ շատերը գալիս են: Ինչ ասեմ, իրանց բան ասել պետք չի, իրանք ամեն ինչ էլ գիտեն, էս արյունով փակված սահման ա, փակված ա, էլ սրա մասին խոսալ էլ պետք չի: Վերջ:


Միջանցքում.


-Այ քույրիկ, սպասի, վազ տալով ես գնում. բա ես քեզ էի ստեղ կանգնած սպասում:


-Հա՞:


-Բա ասեցին, դու ներսում խոսում ես տղորց հետ, իմ տղին տեսա՞ր:


-Հա, բոլորին տեսա, ցավդ տանեմ, ի՞նչ ա անունը:


-Ղարաբաղից ա, անունը Արթուր ա, Արթուր, տեսա՞ր:


-Տեսա, խոսեցի, շնորհակալություն, հազար անգամ շնորհակալություն, որ այդպիսի լավ տղա եք մեծացրել՝ քաջ, խելոք, սիրուն…


-Սպասի, շնորհակալության ժամանակը չի, դու ասա ոնց էր, դեմքը էրած էր է, սաղ վերք ա ջանը, քոռ մնամ ես, քոռ  մնամ: Բժիշկն ի՞նչ ասեց քեզ, բա էդ խոր-խորը վերքերը կլավանա՞:


-Այ սիրելիս, բա ի՞նչ պիտի անի, որ չլավանա, չմտածես, բժիշկն էլ ասեց, որ օր օրի դեպի լավն ա գնում: Տղադ էլ ծիծաղը բերանին, հումորով, բոլորիս մի լավ ծիծաղացրեց:


-…


-Վայ, ինչի ես լացում: Ասեցի՝ լավ էր:


-Կարող ա հենց ընենց եք ասում՝ լավ ա: Բայց խի՞. ճիշտն ասեք, մենք բողոքող չենք: Որ եկել ա թղթերը վերցրել՝ թե գնում եմ կամավոր, ես մի բերան էլ չեմ ասել՝ մի գնա: Ասել եմ՝ Աստված քո հետ լինի, գնացել եմ մոմերը վառել, չոքել, խնդրել, ասել եմ՝ այ Աստված՝ իմ մադարը քեզ եմ տալիս, վերևը դու, ներքևն իմ Արթուրս, բա խի ա տենց դառե՞լ:


-Ցավդ տանեմ, հավատա, ճիշտ են ասում, տղադ դեպի լավն ա գնում: Հետո հիմա էլ  իմ ու քո չկա, բոլորը մեր որդիներն են, բոլորս էլ նրանց մայրերն ենք:  Պիտի մենք պինդ լինենք, որ իրենք էլ չընկճվեն, չէ՞:


-Հա, ապրես, բա էն զոհվածի մայրերն ինչ անեն, որ քարերը պոկեն, տան գլխներովը, չէ, մենք լավ ենք պրծել, լավ ենք պրծել: Աստված հիմա էլ թող հասնի էդ մայրերին, համբերություն տա: Բա ի՞նչ անենք, Ղարաբաղը ոնց բրախենք, հենց թուրքը մի կտոր առաջ եկավ, հիմա էլ Հայաստանն ա ուզելու: Մենք պիտի ստեղ դրանց թակը տանք, որ Հայաստան չհասնեն: 


-Բա Երևանում որտե՞ղ եք ապրում, մնալու տեղ ունեք:


-Էհ, էս ժողովուրդն ապրի, հենց մտել ենք հիվանդանոց թե չէ, տասը կողմից վրա են տվել՝ արդեն շիլ էի ընկել՝ է՜, գալիս էին ծանոթ-անծանոթ, թե չէ, որ չէ, մեր տուն եմ քեզ տանում: Պրծում չկա: Ասում եմ՝ շնորհակալություն, ապրեք, էլի, հենա, էն սեղանը նայի, հենա ամբողջ օրը գցած, ամեն ինչ բերում են՝ թե կերեք: Տղորցն էլ դե հենա, ապրի է՜ դրա արևը, ստեղի մեծը՝ մեր  ընկեր Քուշկյանը, ամեն ինչը՝ դեղ ա, ճաշ ա, օպերացիա ա, ամեն ինչ ձրի: Աստված իրան երկար կյանք տա, ոտը քարին թող չառնի է: Ոսկի մարդ: Ես որ քեզ մի բան խնդրեմ, կանե՞ս:


-Բա, իհարկե կանեմ, ասեք, առանց խնդրելու:


-Ընկեր Քուշկյանին, էստեղի բոլոր բժիշկներին մի կարգին շնորհակալություն հայտնի մեր կողմից: Ասա՝ մինչև երկինք շնորհակալ ենք ձեզնից, ձեր էրեխեքը, ձեր ծնողները ողջ ու առողջ լինեն: Մնացած բաներն էլ դու քեզանից գրի, դու իսկական ժուռնալիստ ես չէ՞:


-Հենա, դու ինձնից ավելի լավ ասեցիր էլի, էս բոլոր ասածներդ հատ-հատ կգրեմ, անհոգ մնա, մենք էլ Ձեր առաջ խոնարհվում ենք, որ էդպիսի հրաշք տղա եք պահել, մեծացրել:


-Բա իմ տղան ո՞նց էր, իմը Անդրեյն ա, Արմավիրից, 20 տարեկան, մեջքից ա վիրավոր, տեսա՞ք:


-Վայ, սիրելիս, բա Դուք չե՞ք իմացել, որ Անդրեյը ոտքերն արդեն շարժում է, բժշկն ասեց, եթե ոտքերը շարժել է ոչ մի բարդություն էլ չի մնա, կանցնի կգնա:


-Հա, գիտեմ, շարժել է: Բայց տենց էլ ասի՞ն Ձեզ, որ հետևանքներ չի մնա, լրիվ կառողջանա՞:


-Դե հիմա նայի, սա իմ և բժշկի հարցազրույցն է Անդրեյի մասին, քո ականջով լսի, տես, որ հավատաս:

 


-Հա, վայ…Աստված. բայց էն կողքի տղան վատ է, հա՞: Հիմա մարդ չգիտի ուրախանա, թե տխրի, ախր սաղ էլ մերոնք են…Աստված բոլորին հասնի, բոլորին:


-Բայց որ մի բան ասեմ՝ չես բարկանա, չէ՞:


-Վայ, հո վատ բան չկա, մի թաքցրու, ասա, խնդրում եմ…


-Անդրեյը գիտես ինձ ինչ ասա՞ց, ասաց՝ ուզում եմ լավանամ, որ գնամ ծառայությունս շարունակեմ:


-Վայ, այ ցավդ տանեմ, ես էլ ասեմ՝ ինչ ա, բա որ լավանա, ամեն ինչ անցնի, իհարկե, պիտի շարունակի. թող միայն ինքը լավ լինի, շուտ լավանա:


-Բարև Ձեզ, Դո՞ւք էլ եք զինվորի մայր:


-Չէ, ես էս հիվանդանոցի կողքի շենքում եմ ապրում: Սպաս եմ եփել բերել մեր վիրավոր զինվորներին: Հեսա, հենց սենց ղազանով էլ բերեցի, ասին 7 հոգի են, դե էլ ոնց դատարկեի բանկի մեջ: Բայց կարո՞ղ ա սենց չընդունեն, անուն դնեն, հը՞: Տանեմ առանձին բանկեքի մեջ լցնե՞մ, բերեմ: Հը՛, ինչ խելքի ես, ասա, աղջի ջան մի ձեն հանի, էս խի՞  չես մի բան ասում...




ՎԱՐԴուհի Սիմոնյան