Գանձագողի շնորհիվ Սյունիքում ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ:
Նա հայտնեց, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են. մարտական սակրեր, արվեստի գործեր, և Սյունիքի քննչական բաժինը հայտնաբերելով դա՝ դիմել է Մշակույթի նախարարութանը:
«Զարմանալի հայտնագործություն է կատարվել, առ այսօր մենք ուրարտական ժամանակաշրջանից դեռևս չունեինք այդպիսի գանձ, մետաղե առարկաների հավաքածու, որը հայտնաբերվել էր գանձագողի փնտրտուքի հետևանքով: Սա համաշխարհային երևույթ է»,- ասաց նա և նշեց, որ գտածոները հայտնաբերված տեղանքում հուշարձանի որևիցե հետք չկար:
«Եթե չլիներ այս գանձագողությունը, մենք այդ արժեքները հարյուրամյակներ շարունակ հնարավոր էր չիմանայինք»,- ասաց նա և նշեց, որ թեև գանձագողը մեղավոր է, որ այդպիսի գործունեությամբ է զբաղվել, բայց նրա շնորհիվ ունեցանք այս գանձը:
Հակոբ Սիմոնյանը հայտնեց, որ գանձագողը փորձել է վաճառել գտածը, սակայն հետո աղմուկ է բարձրացել, ոստիկանությունը բացահայտել է և հիմա գտածոն պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում է:
Ըստ նրա՝ թեև գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է, բայց ցույց է տվել երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Նա նշեց, որ այդ մարդը յուրահատուկ «հոտառություն» ունի և նշեց, որ լրջորեն մտածում է նրան արշավախմբերում մասնակից դարձնել:










