Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միանշանակ հակասում է Ռուսաստանի շահերին. քաղաքագետ Սերգեյ Միխեև (տեսանյութ)

11:18 • 12.04.16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միանշանակ հակասում է Ռուսաստանի շահերին։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Միխեևը ռուսական ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակվող «Право Голоса» հաղորդման եթերում, որը վարում է Ռոման Բաբայանը։

 

«Կարծում եմ՝ մենք իրավունք ունենք այդ հարցը վերլուծել աշխարհաքաղաքական այն կոնտեքստում, որն այժմ առաջացել է։ Այսպես, այդ կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միանշանակ հակասում է Ռուսաստանի շահերին և իրականում վտանգ է պարունակում այդ տարածաշրջանում կայունության համար, Ռուսաստանի համար իրական վտանգ է ստեղծում Հյուսիսային Կովկասի գծով»,- ասել է նա։

 

Իսկ ում դա կարող է ձեռնտու լինել՝ հարցին նա պատասխանել է. «Արտաքին խաղացողներից դա ձեռնտու է երկու երկրների՝ Միացյալ Նահանգներին և Թուրքիային»։

 

Թե ինչքանով է Թուրքիան մասնակցել այդ հակամարտությունը սադրելու գործին, քաղաքագետը նշել է, որ իրեն դժվար է ասել, որովհետև այդպիսի կոնկրետ փաստեր չունի։ Սակայն նա կարող է առաջին հերթին վերլուծել թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները, երկրորդ հերթին՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը խոցված Սու-24-ից հետո, Թուրքիայի անկարողությունը կոշտ պատասխան տալ Ռուսաստանին, և նրա ձգտումը խնդիրներ ստեղծել հետխորհրդային տարածքում։

 

Միխեևը հիշեցնում է, որ ավելի վաղ բազմիցս վստահություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքի այն երկրներում, որտեղ նա ունի լուրջ ազդեցություն: 

 

«Հակամարտության վերաբերյալ թուրք քաղաքական գործիչների հետագա հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանք աշխատում են այն սրելու ուղղությամբ։ Ինչո՞ւ է դա նրանց ձեռնտու, որովհետև տարածաշրջանում մեծ պատերազմն անկասկած կներքաշի Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի գծով։ Եվ դա կլինի նոր իրավիճակ, առաջին հերթին՝ խնդիր Ռուսաստանի համար, և երկրորդ հերթին՝ Ռուսաստանի վրա հզոր ճնշում գործադրելու ևս մի հնարավորություն՝ նույն Արևմուտքի մասնակցությամբ»,- ասել է նա:

 

Միխեևը կարծիք է հայտնել, որ թուրքերն իրականում շատ ավելի մեծ ազդեցություն են ցանկանում Ադրբեջանում, ցանկանում են կառավարել այդ տարածքը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության օգնությամբ հայտնվել Կասպից ծովում, ամրագրել այնտեղ իրենց ռազմական ներկայությունը։ Կասպից ծովում ներկայության մասին ՆԱՏՕ-ի երկրները վաղուց են խոսում որպես անհրաժեշտություն, ասել է նա։

«Դա հիանալի առիթ է նման բան անելու համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ղարաբաղի պատրվակով հասնելով Կասպից ծով՝ մենք այնտեղ ստանում ենք ՆԱՏՕ-ի բազա: Ահա հնարավոր սխեմաներից մեկը, որով մենք կարող ենք Կասպից ծովում ստանալ երրորդ ուժ»,- ասել է նա։

 

Տեսանյութի այդ հատվածը կարող եք դիտել 04:40 րոպեից.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միանշանակ հակասում է Ռուսաստանի շահերին. քաղաքագետ Սերգեյ Միխեև (տեսանյութ)