Նկարիչների միությունը ցուցահանդես-վաճառք է կազմակերպել. վաճառքից ստացված հասույթն ամբողջովին կուղարկվի Արցախ

16:39 • 12.04.16

Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում է իր պահոցներում գտնվող 1960-80 թվականների  նկարիչների 80 լավագույն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի Արցախի օգնությանը: Ցուցահանդես-վաճառքը կգործի ապրիլի 12-ից 23-ը`Հայաստանի նկարիչների միությունում:


«Ամեն մի հայ իրեն պարտավոր է զգում ինչ-որ բանով աջակցել զինվորներին: Հայաստանի նկարիչների միությունը նույնպես չի կարող անմասն լինել այս ընդհանուր շարժումից»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ապա ավելացրեց. «Իսկ ինչո՞վ կարող ենք մենք օգտակար լինել, մենք ունենք ստեղծագործություններ, ունենք ֆոնդեր, որտեղ պահված են 1960-80-ական թվականների լավագույն ստեղծագործությունները, որոնք ժամանակին Նկարիչների միությունը գնել է լավագույն ցուցահանդեսներից: Մեր ֆոնդերում կան հարյուրավոր աշխատանքներ, որոնցից լավագույններն այսօր` 80 անվանում, ներկայացված են այս ցուցահանդես-վաճառքին: Նպատակը մեկն է՝ վաճառքից ստացված հասույթն ամբողջովին ուղարկել Արցախ»:


Կարեն Աղամյանն ասաց, որ նկարների արժեքները շատ ցածր են դրված, եռակի, քառակի, որոշ դեպքերում նույնիսկ հնգակի անգամ ցածր, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան գնելու:


Միության նախագահն ասաց, որ ցուցադրված ստեղծագործությունների հեղինակների մեծն մասն այսօր մեզ հետ չէ, սա այն սերունդն է, որն ապրել է Խորհրդային Միության ժամանակ:


«Բացի նկարներից կան նաև քանդակներ»,- ասաց Կարեն Աղամյանն ու տեղեկացրեց, որ արդեն վաճառք եղել է:


«Սա այն հարցն է, որ մենք ափսոսելու տեղ չունենք, մենք երբեք այսպիսի քայլ չէինք անի, եթե չլիներ այսպիսի կարևորության հարց»,- նշեց նա:


Նկարիչների միության նախագահը միևնույն ժամանակ ասաց, թե շատ ոգևորված են այն քաջությամբ և ազգասիրությամբ, հայրենասիրությամբ, որը դրսևորեց հայ ազգը. «Իհարկե՛, մեծ ցավ ենք ապրում, ամեն մի հայի կորուստ մեզ համար մեծ ցավ է: Մենք այն ազգերից չենք, որ մեր ընտանիքներում կան տասնյակ երեխաներ, մենք այն ազգերից չենք, որ թույլ են տալիս բազմակնություն և այդպիսով իրենց քանակն են ավելացնում, մեր ամեն մի անհատ մեծ արժեք ունի և ամեն մի կորուստ, իհարկե, ցավալի է»:

Նկարիչների միությունը ցուցահանդես-վաճառք է կազմակերպել. վաճառքից ստացված հասույթն ամբողջովին կուղարկվի Արցախ