Իտալացի հետազոտողները հայտնել են, որ հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի ազգականներին
Իտալացի հետազոտողներին հաջողվել է տասնամյակներ տևած որոնումների արդյունքում գտնել Վերածննդի դարաշրջանի հանճարներից մեկի` Լեոնարդո դա Վինչիի` 21-րդ դարում ապրող բարեկամներին։
Ինչպես նշում է The Guardian-ը, չնայած, որ Դա Վինչիի աճյունը կորել է դարեր առաջ ու հնարավոր չէ վերցնել նրա ԴՆԹ-ն, այնուհանդերձ` մասնագետներին հաջողվել է գտնել գիտնականի հարազատներին։ Իրենց նպատակին հասնելու համար հետազոտողներ Ալեսանդրո Վեզոսին ու Ագնես Սաբատոն Իտալիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում ուսումնասիրել են անթիվ-անհամար փաստաթղթեր` կապված Դա Վինչիի հետ:
Հետաքրքրական է, որ դեռևս 1973թ. սկսված հետազոտությունն ավարտվել է միայն հիմա։
Արդյունքում պարզվել է, որ 15-րդ դարում ապրած հանճարեղ նկարչի ու գյուտարարի հետ բարեկամական կապերի մեջ է 3 մարդ: Նրանցից մեկը նկարիչ է, մյուսը` ինժեներ, իսկ 3-րդն իտալացի հայտնի կինոռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելին է, ով նոմինացված է եղել «Օսկարի»:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքը` Դա Վինչին, երեխաներ չի ունեցել, սակայն ունեցել է շատ եղբայրներ ու քույրեր, որոնց հետնորդներն այժմ հայտնաբերվել են:










