Ուկրաինային արգելվել է քաղաքական հայտարարություններ անել «Եվրատեսիլի» շրջանակում
Եվրոպական հեռարձակողների միությունը, որը կազմակերպում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, արգելել է Ուկրաինային մրցույթի նախօրեին և դրա ընթացքում հանդես գալ քաղաքական բնույթի հայտարարություններով։
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին ասել է «Եվրատեսիլի» վերահսկող Յոն Ուլա Սանդը։
«Մենք հետևելու ենք ելույթներին, տեսողական ձևավորմանը, ինչպես նաև հանրային ելույթներին, որպեսզի համոզվենք, որ «Եվրատեսիլը» չի քաղաքականացվում»,-ասել է Ուլա Սանդը` ընդգծելով, որ մրցույթի քաղաքականացումն անընդունելի է։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցչի` Ջամալայի երգը պատերազմի մասին չէ, այլ պատմում է Ստալինի կառավարման օրոք Ղրիմի թաթարների տեղահանման մասին։
«Երգի տեքստը կապ չունի Ուկրաինայում և Ղրիմում կատարված վերջին իրադարձությունների հետ»,-նշել է Ուլա Սանդը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին` Ստոկհոլմում: Հայաստանը մրցույթում ներկայացնում է Իվետա Մուկուչյանը։










