Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը բարձրագույն պարգևի է արժանացել ԱՄՆ-ում
Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ բարձրագույն պարգևի է արժանացել` որպես Անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք։
Ինչպես հայտնում է armenianweekly.com-ը, ապրիլի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում կայացած մրցանակաբաշխության կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Միացյալ Նահանգներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի մասին գիրքը տվյալ մրցանակաբաշխության շրջանակում արժանանում է բարձրագույն պարգևի:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 2015թ. հրատարակված 1.400 գիրք:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քարանյանի գիրքը պատմում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին ու զարդարված է 125 գունավոր լուսանկարներով, քարտեզներով:
Մրցանակաբաշխության գալա երեկոյի ժամանակ 250-ից ավելի հեղինակների ու հրատարակիչների ներկայությամբ հայազգի հեղինակին է հանձնվել ոսկե մեդալը:
«Հայաստանը համարյա թե ավերվել էր 1915թ. Ցեղասպանությունից հետո, բայց մեր ազգը գոյատևեց, և այս գիրքը փառաբանում է այդ գոյատևումը»,-մեդալն ընդունելուց հետո ասել է հեղինակը։










