«Քամու հիշողությունները». Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ ռումինական կինոփառատոնում
Բուխարեստում ապրիլի 13-17-ը կայացած ռումինական Cinepolitica միջազգային 5-ին փառատոնի մրցույթային ֆիլմերի ցանկում, ի թիվս այլ ֆիլմերի, ընդգրկված էր «Քամու հիշողությունները» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:
Ֆիլմը ցուցադրվեց ապրիլի 17-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի Էլվիրե Պոպեսկու կինոթատրոնում: Թուրքիա/Գերմանիա/Ֆրանսիա/Վրաստան 2015թ. համատեղ արտադրության 124 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորն է համշենահայ Օզջան Ալպերը (Ozcan Alper): Գլխավոր դերերը կատարել են Օնուր Սայլաքը (Onur Saylak), Սոֆյա Խանդամիրովան (Sofya Khandemirova) և Մուստաֆա Ուղուրլուն (Mustafa Ugurlu):
«Քամու հիշողությունները» ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր կյանքը փրկելու համար քաղաքական պատճառներով Ստամբուլից փախած նկարիչ ու թարգմանիչ Արամ Դեմիրճյանի պատմությունը: Կինոնկարը, որի դեպքերը տեղի են ունենում 1943թ., Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքների մասին բանաստեղծական խորհրդածություն է: Ֆիլմի գլխավոր հերոսը թուրքահայ նկարիչ է, որը Երկրորդ համաշխարհային տարիներին ղեկավարող իշխանության կողմից կասկածվում է կոմունիզմի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հանգամանքներից ելնելով` նա ապաստան է գտնում Խորհրդային միության ու Վրաստանի սահմանին: Վայրի ու վիթխարի բնապատկերի մեջ գլխավոր հերոսը վերապրում է իր տառապանքն ու վախը` փորձելով փախչել իր արվեստի մեջ: Հնարավոր երկրորդ ցեղասպանության սկսելու վախը հետապնդում է նրան, մանավանդ որ վերջինս իր ընտանիքից միակ վերապրածն է:
Ֆիլմի թեման, որը մինչև վերջերս տաբու էր, թույլ է տալիս ռեժիսորին ներկայացնել անցյալի այլ դրամաները, ինչպիսիք են, օրինակ, Անկարայի քաղաքական համակարգի ու 1940-ական թվակաների նացիզմի միջև հսկայական նմանությունը:
Տեղեկանք. Օզջան Ալպերը ծնվել է 1975թ. թուրքական Սևծովյա ափի Հոպա քաղաքում, համշենահայ ընտանիքում: Սովորել է Տրապիզոնում ու Ստամբուլում: Սկսած 2000թ. մտել է կինոասպարեզ, սկզբում որպես կինոբեմադրիչ Յեշիմ Ուստաօղլուի օգնական, այնուհետև նկարահանել է իր առաջին կարճամետրաժ “Momi” կինոնկարը: Դրանից հետո նկարել է երկու վավերագրական ֆիլմ` ‘’Tokai City'de Melankoli ve Rapsodi’’ («Տխրությունը ու ռապսոդիան Տոկիոյում») Ճապոնիայում և ‘’Bir Bilimadamıyla Zaman Enleminde Yolculuk’’ («Մի գիտնականի հետ ժամանակի մեջ ճամփորդություն») ֆիլմերը: 2008թ. Ալպերը թողարկել է իր առաջին երկարամետրաժ “Sonbahar” («Աշուն») կինոնկարը, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որպես դեբյուտային կինոնկար: Սրան հաջորդած գործը, որը բարձր է գնահատվել քննադատների կողմից ու արժանացել է մրցանակների, եղել է “Gelecek Uzun Sürer” («Ապագան անվերջ է տևում») կինոնկարը:










