Նախօրեին սպանված տաքսիստը 3 մանկահասակ երեխաների հայր էր

18:20 • 02.06.16

Նախօրին Չարենցի, Վարդանանց և Նար- Դոս փողոցների խաչմերուկում սպանված տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները շոկի մեջ են, չեն պատկերացնում ով և ինչի համար կարող էր սպանել Արսենին:


Այսօր Tert.am-ի հետ զրույցում սպանված Արսենի հորաքույրն ասաց, որ չեն պատկերացնում՝ ինչը կարող էր լինել այդ դժբախտության պատճառը:


Մասնագիտությամբ ֆուտբոլիստ Արսենը, ըստ հորաքրոջ, հարգված էր բոլորի կողմից:


«Մեզ հիվանդանոցից զանգեցին, ասացին, որ Արսենը մահացել է: Դանակով սրտին ու կողքին են խփել: Չենք պատկերացնում՝ ով ու ինչի համար կարող էր նման բան անել»,- ասաց հորաքույրը՝ հավելելով. «Նրա մեծ երեխան 8 տարեկան է, մյուս երկուսը ավելի փոքր են՝ 4 ու 2 տարեկան»: 


Հորաքրոջ խոսքերով՝ սպանված տաքսիստը տաքսի ծառայության ղեկավարն է եղել:


Հիշեցնենք, որ տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանը մահացել է մի խումբ երիտասարդների հետ վիճաբանության արդյունքում: Թե որն է վիճաբանության ու սպանության իրական պատճառը, հայտնի չէ:


Երեկ ծեծկռտուքի մասնակիցներից Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը: 


Ըստ ոստիկանության՝  նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի որովայնի և կրծքավանդակի հատվածներին, ինչի հետևանքով Խանամիրյանը հիվանդանոցում մահացել է։

 

Հիշեցնենք, որ այսօր սպանության վայր է բերվել սպանության կասկածյալը։
 

Նշենք նաև, որ այսօր մամուլում գրվել է, որ ֆուտբոլիստ Արսեն Խանամիրյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն է եղել: