«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

10:48 • 30.10.26

Զեղծարարներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում փոխանցումների, շահումների և բոնուսների կեղծ սքրինշոթեր, որպեսզի ստիպեն զոհին տալ ապրանքը կամ ուղարկել իրական գումար։ Բանկային հավելվածի սքրինշոթը կարող է համոզիչ թվալ․ անհրաժեշտ գումար, ծանոթ լոգո, «փոխանցումը կատարված է» կարգավիճակ։ Բայց էկրանի վրա հայտնված նկարը դեռ չի նշանակում, որ գումարը տեղ է հասել։

Խաբեության մեխանիզմը․ սքրինշոթից մինչև իրական փոխանցում

Սցենար №1

  • «Դուք ունեք շահում»։ Անձին տեղեկացնում են խոշոր շահումի, բոնուսի կամ վճարման մասին և ուղարկում իբրև թե կատարված բանկային փոխանցման սքրինշոթ։ Զոհն իր հաշվին գումար չի տեսնում։
  • «Անհրաժեշտ է վճարել միջնորդավճար»։ Զեղծարարները զոհի հաշվին գումարի բացակայությունը պատճառաբանում են տեխնիկական խնդրով․ օրինակ՝ 100,000 դրամ ստանալու համար նախ անհրաժեշտ է վճարել 20,000-30,000 դրամ «միջնորդավճար», «հարկ» կամ կատարել «պատասխան փոխանցում՝ նույնականացման համար»։

Սցենար №2

  • «Ես արդեն վճարել եմ ապրանքի համար»։  Այս տարբերակը հատկապես վտանգավոր է հայտարարությունների հարթակներում և սոցիալական ցանցերում վաճառողների համար։ «Գնորդը» ցույց է տալիս հաջողությամբ կատարված փոխանցման սքրինշոթ և խնդրում անմիջապես իրեն ուղարկել ապրանքը։ Իրականում ոչ մի վճարում էլ չի եղել։

Կարևոր հանգամանք

Միջազգային փոխանցման դեպքում միջնորդավճարն իսկապես երբեմն կարող է գանձվել ստացողից, բայց այն կպահվի փոխանցման գումարից, այլ ոչ թե առանձին վճարմամբ կփոխանցվի անծանոթին։

Իրավական ծուղակ

Եթե անձն ինքնուրույն է զեղծարարներին ուղարկում «միջնորդավճար» կամ կատարում «նույնականացման համար վճարում», բանկի տեսանկյունից դա սովորական փոխանցում է, որը կատարվել և հաստատվել է հաշվետիրոջ կողմից։ Նման գումարները հետ վերադարձնելը ծայրահեղ դժվար է լինում։

Նույնը վերաբերում է այն վաճառողին, որը փոխանցել է ապրանքը՝ հավատալով սքրինշոթին․ փաստացի վաճառողն ինքնակամ է հանձնել ապրանքը, իսկ խարդախությունը սովորաբար բացահայտվում է միայն «գնորդի» անհետանալուց հետո։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Ստուգեք միայն ձեր հաշիվը:  Մի վստահեք փոխանցման վերաբերյալ այլոց սքրինշոթերին, անդորրագրերին և հաղորդագրություններին։ Գումարը համարվում է ստացված միայն այն ժամանակ, երբ անձամբ տեսնում եք դրա մուտքագրումը։
  • Երբեք մի վճարեք փոխանցում ստանալու համար: Անծանոթ անձին «միջնորդավճար», «ապահովագրական վճար» կամ «նույնականացման գումար» ուղարկելու պահանջը զեղծարարության նշան է։
  • Մի տվեք ապրանքը մինչև գումարի փաստացի մուտքագրումը: Հատկապես List.am-ի, Telegram-ի, Facebook Marketplace-ի և այլ հարթակների միջոցով վաճառք իրականացնելիս։
  • Մի՛ հավատացեք մեծ շահումների կամ բոնուսների խոստումներին: Որքան մեծ է «շահումը» կամ «բոնուսը», այնքան ավելի հեշտ է խարդախին համոզել զոհին՝ այն ստանալու ակնկալիքով ռիսկի դիմել և համեմատաբար փոքր գումար կորցնել։
  • Եթե փոխանցումն արդեն ուղարկել եք զեղծարարներին, անհապաղ կապ հաստատեք բանկի հետ և պահպանեք նամակագրությունը, սքրինշոթերը և ստացողի տվյալները։

Հիշեք․ «Վճարումը կատարված է» գրությամբ սքրինշոթը փոխանցման ապացույց չէ։ Գումարի փոխանցումը հաստատվում է ոչ թե սքրինշոթով, այլ միայն ձեր հաշվին դրա փաստացի մուտքագրմամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33