Արևմտյան Հայաստանում 175-180 հազար հայկական հուշարձաններից միայն 3-4 %-ն է պահպանվել. հայագետ

18:56 • 16.06.16

Հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նախիջևանում, Արևմտյան Հայաստանում հայկական հուշարձանների պահպանության խնդիրներին:

Նա նշեց, որ Նախիջևանի տարածքում 1998-2006 թվականներին 27 հազարից ավելի հայկական հուշարձանները հիմնահատակ ավերվել են, իսկ ներկայումս ոչ մի հուշարձան Նախիջևանի տարածքում չկա: Նա ասաց նաև, որ Ադրբեջանի մյուս տարածքներում մատների վրա կարելի է  հաշվել, թե որքան հայկական հուշարձաններ են մնացել:

Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, ապա նա ասաց, որ առ այսօր չկա հստակ ցուցակ,  թե որքան հուշարձաններ են ստեղծել այնտեղ: «Բայց մոտավոր, ոչ ճշգրտված տվյալներով, Արևմտյան Հայաստանի տարածքում առկա է մոտավորապես 175-180 հազար հայկական հուշարձան, որոնք Եղեռնից հետո աստիճանաբար ավերվել են, այսօր էլ դրա միայն 3-4 տոկոսն է պահպանվել և շատ անմխիթար վիճակում են»,-ասաց նա:

Արգամ Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ դեռևս պահպանված հուշարձաններն էլ հնարավոր է 15- 20 տարի հետո գոյություն չունենան, չնայած դրան՝ զուգահեռ նկատեց նաև, որ Թուրքիան այն քաղաքականությունն է վարում, որ մասնակի վերականգնում է հայկական հուշարձանները: «Դրանով Թուրքիան ցանկանում է նաև ասել, որ տեր է կանգնում իր տարածքում եղած հայկական հուշարձաններին, սակայն ես կարծում եմ, որ դրանք ցուցադրական երևույթներ են, քանի որ նրանց հիմնական նպատակը՝ հայկական հետքից ձերբազատվելն է»,-նշեց նա:

Հայագետը նշեց, որ հայկական հուշարձանների պահպանության նպատակով նախկինում առաջարկել էր ստեղծել համահայկական միջազգային կառույց-կազմակերպություն, որը Հայաստանում, Սփյուռքի տարբեր տեղերում մասնաճյուղեր կունենա և պետական ու մասնավոր միջոցների ներդրմամբ կզբաղվի պահպանության հարցերով, այդ թվում նաև՝ Թուրքիայում: Արգամ Այվազյանը նաև տեղեկացրեց, որ իր այդ առաջարկին ոչ մի կառույց չարձագանքեց:

 

 

Արևմտյան Հայաստանում 175-180 հազար հայկական հուշարձաններից միայն 3-4 %-ն է պահպանվել. հայագետ