Հայտնի է Քըրքորյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թողարկման ամսաթիվը

19:19 • 16.06.16

Ամերիկահայ երջանկահիշատակ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանվող «Խոստումը» ֆիլմը` Ոսկե գլոբուսի հաղթող Օսկար Այզեքի և օսկարակիր Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, գրեթե պատրաստ է:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, վկայակոչելով իր աղբյուրները, Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված ֆիլմը, հավանաբար,  մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: 

Կինոակադեմիայի մրցանակակիր և օսկարակիր  ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում Բեյլը կմարմնավորի սիրո եռանկյունու մի կողմում կանգնած, բայց Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված  երիտասարդ Քրիսին, իսկ Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

Թերի Ջորջը «Օսկար»  ստացել է 2013-ին «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի համար, որը պատմում  է Ռուանդայի ցեղասպանության մասին:

«Խոստումը» ֆիլմում նկարահանվում են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Նկարահանումների ավարտին Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանը Asbarez-ին գրած նամակում հայտնել է, որ «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»:

Հիշեցնենք, որ Playlist ժամանցային պորտալն ավելի վաղ կանխատեսել էր, որ «Խոստումը» կհայտնվի 2017-ի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում:

 

 

Հայտնի է Քըրքորյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թողարկման ամսաթիվը