Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը 1 մլն դոլար է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը (լուսանկարներ)

10:53 • 17.06.16

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է 2016-2017թթ. ֆիսկալ տարվա բյուջեն, որի շրջանակում 1 մլն դոլար է հատկացվել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը:



Ինչպես նշում է Asbarez-ը, այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի հայազգի անդամ Ադրին Նազարյանը:

 

«Հպարտ եմ հայտարարելու, որ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար հատկացվել է 1 մլն դոլար:  Հայերի ճամփորդությունը դեպի Կալիֆոռնիա` Ցեղասպանությունից մինչև բարգավաճում ընկած ճանապարհի պատմությունն է, որը մեր նահանգի կարևորագույն բաղկացուցիչներից է: Մեր անցած ուղին արժևորող Հայ-ամերիկյան թանգարանը հրաշալի համալրում կլինի նահանգի հարուստ մշակութային ու պատմական կենտրոնների շարքում»,-ասել է Նազարյանը:

 

Բացի այդ, քաղաքական գործիչը հավելել է, որ կես մլն դոլար է հատկացվել հայազգի երաժիշտների Lark Musical Society ընկերակցությանը, որը 20 տարվա գործունեության ընթացքում կազմակերպել է 300-ից ավելի համերգային միջոցառում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի շենքն իր մեջ կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:


Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանն այս կապակցությամբ նշել է, որ տեղի հայ համայնքի համար այս թանգարանն իսկական երազանք էր, որը շուտով կյանքի կկոչվի:

 



 

 

 

 

 

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը 1 մլն դոլար է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը (լուսանկարներ)