ԴիԿապրիոյին դատարան են կանչել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի հետ կապված գործով
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին դատարան են կանչել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի հետ կապված գործով, որում դերասանը մարմնավորել է գլխավոր կերպարին:
The Guardian-ը հայտնում է, որ հայցվորը ֆիլմի գլխավոր հերոսի համար նախատիպ հանդիսացող Ջորդան Բելֆորթի նախկին գործընկեր և մանկության ընկեր Էնդրյու Գրինն է: Վերջինս հայց է ներկայացրել Paramount ընկերության, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսերների դեմ Նիկի Կոսկոֆի կերպարի պատճառով, որի նախատիպը, իր խոսքով, ինքն է եղել:
Գրինը նշում է, որ Նիկի Կոսկոֆը, ում ֆիլմում մարմնավորել է դերասան Պի Ջեյ Բիրնը, կինոնկարում ներկայացվել է որպես «այլասերված» և «հանցագործ»:
Հայցում տղամարդը նշել է, որ նրա մասնակցությամբ տեսարանները կեղծ և վարկաբեկող բնույթ են կրում և վնաս են հասցնում Գրինի մասնագիտական հեղինակությանը: Այդ պատճառով նա 15 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում:
Բացի այն, որ ԴիԿապրիոն ֆիլմում գլխավոր դերն է խաղացել, նա նաև հանդիսանում է կինոնկարի պրոդյուսերը: Այդ իսկ պատճառով դատավորի որոշմամբ` նա նույնպես պետք է ցուցմունք տա տվյալ գործով:










