Հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը կավելանա. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը (լուսանկարներ)

20:58 • 20.06.16

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱդրբեջանականՀանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:

Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»: