Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

18:15 • 02.11.26

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ձորամուտ գյուղի 58-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ տեսակի բույս և պատրաստում ու օգտագործում է թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար հարմարեցված ինքնաշեն առարկաներ, իսկ նկուղում՝ 233 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Հաջորդ դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։
Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Քարակերտ գյուղի բնակիչը թմրամիջոց է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու տանը կից կիսակառույց շինությունում համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ և փաթեթներ՝ ընդհանուր 510 գրամ քաշով, և 675 գրամ կանեփի չորացած բույս։

Երկու դեպքով էլ նախաքննություն է կատարվում։