Մոլդովայում ձերբակալվել է երգչուհի Ժասմինի ամուսինը՝ Իլան Շորը
Մոլդովայում ձերբակալվել է գործարար Իլան Շորը, ում ցուցմունքների հիման վրա նախորդ տարվա հոկտեմբերին ձերբակալվել էր կոռուպցիայի համար մեղադրվող հանրապետության նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը:
Դատախազ Ադրիանա Բեցիշորի խոսքով՝ Շորը ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնում հարցաքննությունից հետո` «բանկերի հետ կապված խարդախությունների նոր գործի շրջանակում»:
Ըստ դատախազի՝ Շորը կասկածվում է հատկապես խոշոր չափերի խաբեությունների և 2014-ին բացված քրեական գործի շրջանակում փողերի լվացման համար: Բեցիշորը հավելել է, որ դատախազությունը կդիմի դատարան` պահանջելով գործարարի նախնական կալանքը, փոխանցում է Вести-ն:
Ֆիլատին ձերբակալել են նախորդ տարի, երբ Շորը, ով ռուս երգչուհի Ժասմինի ամուսինն է և մոլդովական Օրգեև քաղաքի քաղաքապետը, մեղայականով ներկայացել է և պատմել, որ տարբեր ծառայությունների դիմաց նախկին վարչապետն իրենից ստացել է մոտ 250 մլն դոլար:
Դատախազները նախկին վարչապետին մեղավոր են համարում նաև աղմկահարույց գործի շրջանակում` 1 մլրդ եվրոյի դուրսբերում մոլդովական 3 բանկերից, որոնք ղեկավարել է Շորը:










