ԱՄՆ-ի շոու բիզնեսի տասնյակ աստղեր կոչ են անում Կոնգրեսին խստացնել զենքի մասին օրենքը
ԱՄՆ-ի շոու բիզնեսի տասնյակ աստղեր հունիսի 23-ին ստորագրել են Կոնգրեսին ուղղված բաց նամակը` պահանջելով խստացնել զենքի մասին օրենքները:
Դիմումը տեղադրված է Billboard երաժշտական պարբերականի կայքում:
Բացի փոփ կատարողներից, որոնց թվում են Լեդի Գագան, Քեթի Փերին, Շակիրան, Ջենիֆեր Լոպեսը, Շերը, Սթինգը, Փոլ Մաքարթնին, Ռինգո Սթարը, Բարբարա Սթրեյզանդը և Բիլի Ջոելը, դիմումին միացել են նաև Նյու Նյորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ալան Ջիլբերտը և մի քանի ռեփերներ:
194 ստորագրածների թվում են նաև հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը և Քոնան Օ’Բրայենը, ինչպես նաև ձայնագրման խոշոր ընկերությունների ղեկավարներ, փոխանցում է Deutsche Welle-ն:
Հայտնիները կողմ են, որ ստուգվեն զենք գնողների կենսագրությունները և արգելվի զենքի վաճառքն այն մարդկանց, ովքեր կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու համար:
«Վտանգավոր մարդիկ հեշտ են զենք ստանում: Մենք կոչ ենք անում Կոնգրեսին առավել ակտիվ գոծողություններ իրականացնել`բռնությունը կանխելու համար»,- ասվում է նամակում:










