ԼՂ-ում կոնֆլիկտը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում. Սվիտալսկի

14:22 • 24.06.16

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր մեկնարկած երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ ասաց, որ ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում:


«Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասաց նա և նշեց, որ  Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է:


Պյոտր Սվիտալսկին հույս ունի նաև, որ զգալի արդյունքներ կգրանցվեն վստահության ձևավորման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և նաև տեսանելի առաջընթաց կգրանցվի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:


Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:


Նշենք, որ գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի,  Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչներ:

 

 

ԼՂ-ում կոնֆլիկտը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում. Սվիտալսկի