Ուկրաինայում ամռան ընթացքում կընտրվի «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը հյուրընկալող քաղաքը

00:24 • 24.06.16

«Եվրատեսիլ-2017» երգի փառատոնը հյուրընկալելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի ուկրաինական քաղաքների միջև, և մինչև ամռան վերջ կորոշվի այն քաղաքը, որը կընդունի երգի միջազգային մրցույթը:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն ուկրաինական հինգերորդ ալիքի եթերում:

Նրա խոսքով` Ուկրաինայում միանգամից շատ քաղաքներ են ցանկություն հայտնել հյուրընկալել մրցույթը, այդ իսկ պատճառով քաղաքների միջև մրցույթ կհայտարարվի, և արդեն որոշակի պահանջներ են առաջադրվել մրցույթի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում մայիսի 15-ին կայացած «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում հաղթող է հայտարարվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան:  

 


  

 

Ուկրաինայում ամռան ընթացքում կընտրվի «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը հյուրընկալող քաղաքը