Փրինսի սիրելի կիթառը Լոս-Անջելեսի աճուրդում վաճառվել է 137.5 հզ դոլարով
Վաղաժամ մահացած հայտնի ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի սիրելի էլեկտրակիթառը Լոս-Անջելեսի աճուրդում վաճառվել է 137,5 հզ դոլարով։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Heritage Auctions աճուրդային տան կողմից կազմակերպված վաճառքին ներկայացվել են երգչի այլ իրեր ևս։ Դեղին էկեկտրակիթառը երաժշտի ամենասիրելի գործիքներից մեկն էր։ Դրանով նա նվագել է իր 1980-1990 թթ ընկած համերգներից մեծ մասում։ Նա անգամ կիթառն անվանակոչել էր «Դեղին ամպ»։
Ըստ AP-ի տվյալների՝ կիթառը ձեռք է բերել «Ինդիանա քոլթս» ամերիկյան ֆուտբոլի ակումբի սեփականատեր Ջիմի Իրսեյը, ով երաժշտական գործիքների վաղեմի սիրահար է։ 57-ամյա միլիարդատիրոջ հավաքածուում կան այնպիսի կիթառներ, որոնք պատկանել են Ջոն Լենոնին, Ռինգո Սթարին և Բոբ Դիլանին։
Փրինսին մահացած են գտել իր առանձնատանը ապրիլի 21-ին։ Ըստ բժիշկների հաշվետվության՝ նրա մահվան պատճառ է դարձել ֆենտանիլ դեղամիջոցի մեծ չափաբաժինը։










