Գրիգոր Պլտյանի նոր գիրքը սիրո ու էրոտիկայի մասին է՝ առանց բաց տեսարանների նկարագրության
Այսօր փարիզաբնակ ականավոր արձակագիր, բանաստեղծ և գրաքննադատ Գրիգոր Պլտյանը հայ ընթերցողին ներկայացրեց իր նոր՝ «Ինչ որ չես տեսնի» գիրքը: Երևանի փաբերից մեկում հավաքվել էին Պլտյանի ստեղծագործությունների սիրահարները, ովքեր երկար ժամանակ սպասում էին գրքի հրապարակմանը:
Շուրջ 30 տարի է՝ Պլտյանը գրում է հատորը, որը երկու գլխի է բաժանվել:
Tert.am-ի հետ զրույցում Պլտյանն ասաց, որ իր համար դժվար է բնութագրել իր հեղինակած գիրքը, բայց մեկ բառով՝ այն «մարդու մարմնի» մասին է:
«Փորձեցի մարմինը դարձնել նյութ: Ոչ թե խոսել ցանկության մասին, այլ ցանկությունը լինի, ոչ թե նրա մասին, թե ինչ է ուզում մարմինը, այլ՝ գործողության մասին, բայց առանց բաց տեսարանների: Գրքում մի քիչ էրոտիկա կա, բայց բաց տեսարաններ չկան: Դժվար է գրել սեքսի մասին՝ առանց պոռնոգրաֆիայի, առանց գռեհիկի: Դրա համար ես դժվարությամբ եմ գտել լեզուն, բառեր եմ ընտրել, որ սիրային լինեն: Բառեր կան հատորում՝ «քեզ կսերտեմ, քեզ կսիրեմ», համաձայնեք, որ մտքի մեծ տարբերություն կա, տառացի չէ՝ «քեզ կսերտեմ»-ը, բայց արտահայտում է իմաստը»,- ասաց բանաստեղծը:
Գրիգոր Պլտյանն ասաց, որ իր համար կարևոր է եղել նուրբ եզրեր գտնել՝ գռեհկության ու սիրո նկարագրության միջև: «Երբ մարդը սիրով է զբաղվում, իրեն չի տեսնում, մենք դժվարանում ենք մեզ տեսնել, որովհետև զգում ենք։ Ես նկարագրել եմ այն, ինչ մենք ապրում ենք։ Այդ սիրային վիճակների մասին եմ գրել՝ ինչ ապրում ենք».- մանրամասնեց բանաստեղծը:
Գրիգոր Պլտյանի խոսքով՝ գիրքը «Հատվածներ սենյակի մասին» շարքի զարգացումն է, որտեղ ամեն բանաստեղծություն առանձին է, բայց միաժամանակ արտահայտում է նախորդների իմաստը:
















