Ադրբեջանը 3-րդ անգամ արգելակում է կրակի դադարեցման մեխանիզմների ամրապնդմանը հատկացված ԵԱՀԿ բյուջեի հաստատումը. Շավարշ Քոչարյան

14:15 • 02.07.16

Միջնորդների ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում տեղի ունենալիք հանդիպումների արդյունքում պետք է պարտադրել այն կողմին, որը հակված չէ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, համապատասխան քայլեր ձեռնարկի՝ դրա իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունից, թե իրենք պատրաստ են հարթակ տրամադրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման համար, կարելի՞ է ենթադրել, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

«Սովորաբար նման բաները համաձայնեցվում են, հայտարարում է հրավիրող կողմը: Այդ մասին կասվի այն ժամանակ, երբ լինի պայմանավորվածություն: Կոռեկտ է, որ այդ մասին ասի հրավիրող, կազմակերպող կողմը»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հայտարարությանը, թե իրենք հույս ունեն, որ բանակցությունները մինչև տարվա ավարտ կվերսկսվեն, փոխարտգործնախարարը նշեց, որ Շտայնմայերը նկատի չի ունեցել բանակցությունները բուն կարգավորման շուրջ:

«Երկու հարթակ կա բանակցությունների: Մեկը՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն է վերաբերում, որտեղ դեր ունի ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գործող նախագահը, մյուսը վերաբերում է արդեն բուն կարգավորմանը: Շտայնմայերը հիմնականում խոսում է այն հարթակի մասին, որը իրենց է անմիջապես վերաբերում: Այդ տեսակետից մենք շահագրգիռ ենք՝ որքան շուտ ներդրվեն մեխանիզմները, այնքան լավ»,-  շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Իսկ բուն բանակցություններից խոսելուց առաջ, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, պետք է համոզված լինել, որ միջոցառումները, որոնց մասին խոսվել են Վիեննայի հանդիպմանը՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, կյանքի կկոչվեն:

Հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում կրակի դադարեցման մեխանիզմների իրականացման վերաբերյալ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ կողմից փաստաթղթեր են ներկայացվել ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի ընդլայնման ու հետաքննության մեխանիզմների տեղադրման համար:

«Մնացածը կախված է աշխատանքից ու այն կողմը, որը չի ցանկանում կյանքի կոչել սա, հազար ու մի պատրվակ է բերում: Այսօր համար մեկ խնդիրն այն է, որ կարողանան պարտադրել այն կողմին, որը հակված չէ քայլերի իրականացմանը, իրականացնեն»,- նշեց Քոչարյանը:

Հայաստանը, փոխնախարարի խոսքով, ներկայացված փաստաթղթի առաջարկությունները դիտարկել է, խնդիրը ոչ այնքան փաստաթղթի դետալներն են, այլ՝ սկզբունքային դիրքորոշումը: Հայաստանի դիրքորոշումը, Քոչարյանի խոսքով հետևյալն է՝ պայմանավորվածությունների իրականացումն անհրաժեշտ է: «Իսկ ադրբեջանական կողմից մենք լսել ենք, որ պարզվում է, որ Վիեննայում իրենք համաձայն չեն եղել հետաքննության մեխանիզմի տեղադրմանը»,- նշեց նա:

Tert.am-ի հարցին՝ ի վերջո Ադրբեջանը համաձայնե՞ց պայմանավորվածությունների կատարման համար հաստատել ԵԱՀԿ բյուջեն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը նույն մեխանիզմը նախկինում էլ կիրառել է, որպեսզի ձգձգի հարցի իրականացումը:

«Դեռևս 2011թ.-ին ստորագրվեց փաստաթուղթ, որով կողմերը պարտավորվում էին մեխանիզմի ներդրմանը: Ապա ԵԱՀԿ բյուջեի քննարկման ժամանակ վետոյի սպառնալիքի տակ դուրս թողեցին հարցը: ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում ու ստիպված այս շանտաժի տակ հարցը հանվեց … Մենք երրորդ անգամ վերադառնում ենք այս խնդրին: 95-ին էլ՝ նույն բանը կրկնվել էր: Դա իրենց քաղաքականությունն է, միտումնավոր, որ չլինի կրակի ռեժիմի ամրապնդման մեխանիզմը»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Արդյունքում, ԱԳ փոխնախարարի խոսքով, Բաքուն բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող, որպեսզի տարածի ապատեղեկատվություն, հարցը այլ ձևաչափեր տեղափոխել, ընթացքում համալրել զինված ուժերը: