Ընթացիկ քննարկումները կարևոր քայլ են նախագահների պայմանավորվածությունների կատարման ճանապարհին. Լավրովի ասուլիսը Բաքվում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն արդյունավետ է որակել:
«Հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: Ընթացիկ քննարկումները կարևոր քայլ են նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:
Նա Ադրբեջանի ղեկավարությանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում կապերի զարգացման համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Էլմար Մամեդյարովն, իր հերթին, ասել է, որ քննարկումների նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցումն է:
«Այս պահին մենք ինտենսիվ երկխոսության, անգամ՝ եռախոսության ձևաչափում ենք գտնվում: Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ մասնակցություն են ունենում քննարկումներին: Նրանց նպատակն է առաջընթաց գրանցել դեռևս չհամաձայնեցված հարցերում: Մենք պետք է այդ հարցերը լուծենք քայլ առ քայլ, կարգավորելու համար հակամարտությունները, որոնք սպառնալիք են գլոբալ անվտանգության համար: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն»,-ասել է Մամեդյարովը:
Նա հիշեցրել է նախագահ Ալիևի այն խոսքերը, որ մինչ այժմ բանակցություններն այսքան ինտենսիվ և արագ չեն եղել:
«Այս պահին բանակցություններն ընթանում են կոնկրետ հարցերի շուրջ: Հետևողական, ինտենսիվ բանակցությունների արդյունքում մենք կարող ենք առաջընթացի հասնել այնպիսի հարցերում, որոնք դեռ լուծված չեն»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:










